Էդ.Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը

Ապրիլի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում շարունակվեցին քննարկումներն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, ս.թ. հունվարին Սոչիում կայացած գագաթաժողովին Նախագահների համատեղ հայտարարության դրույթների իրականացման շուրջ: Այդ առումով Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Բաքվից  հնչող հայտարարություններին եւ ձեռնարկվող քայլերին, որոնք ուղիղ հակասության մեջ են մտնում Սոչիի պայմանավորվածությունների հետ:

Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ՝ վերջին շրջանում Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սաստկացած հակահայկական եւ ռասիստական հռետորաբանությունը վնաս է հասցնում բանակցային գործընթացի համար կարեւոր դրական մթոնոլորտի ձեւավորմանը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում