Գերմանիայի փոխարտգործնախարարը կայցելի Հայաստան
Նմանատիպ
ԳԴՀ ԱԳ փոխնախարար Կորնելիա Պիպերը ս.թ. ապրիլի 16-ին կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում են «Արցախի Եվրոպական Կենտրոն» ՀԿ լրատվական ծառայությունից:
Հայաստանում Կ.Պիպերը կհանդիպի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, իսկ հաջորդ օրը՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:
Ապրիլի 16-ին ԳԴՀ ԱԳ փոխնախարարը Երևանում կբացի «Call out Art – գոբելեններ Հալլե–Զալլեից» ցուցահանդեսը, որը Հայաստանի և Գերմանիայի Սակսոնիա–Անհալտ երկրամասի միջև երկարաժամկետ և սերտ հարաբերությունների նոր փուլի սկիզբ կհանդիսանա: Իսկ ապրիլի 17-ին ՀՀ Գիտության և կրթության նախարարի հետ միասին Պիպերը կբացի գերմաներեն լեցվի կենտրոնը Երևանում:
Ապրիլի 18-ին ԳԴՀ ԱԳ փոխնախարարը կմեկնի Վրաստան:
«Գերմանիայի հարաբերությունները Հայաստանի հետ ունեն խորը պատմական արմատներ: Այս տարվա գարնանը լրանում է այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձը: Երկկողմ համագործակցության ոլորտում ԳԴՀ հանդիսանում է երկրորդ ամենամեծ գործընկերն այդ երկրի հետ: Իսկ մշակութային հարաբերությունները, որպես կամուրջ, կարևոր դեր են խաղում մեր երկրների միջև հարաբերությունների զարարգացման գործում», – ասել է ԳԴՀ ԱԳ փոխնախարարը:
Կ.Պիպերը նաև նշել է, որ, ցավոք, Հարավային Կովկասում այսօր առկա են չլուծված տարածքային հակամարտություններ, որոնց խաղաղ ճանապարհով կարգավորումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը:
«Մենք ուզում ենք նպաստել կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը: Առաջիկա ընտրությունները Հայաստանում և Վրաստանում կարևոր ցուցանիշ են հանդիսանալու այդ երկրներում ժողովրդավարության զարգացման և նրանց դեպի Եվրոպա կողմնորոշման գործում», – վստահեցնում է գերմանացի բարձրաստիճան դիվանագետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում