Բրյուսովցիները Ա.Աշոտյանին ստիպել են իջնել բակ
19/04/2012 18:02
Նմանատիպ
Այսօր ժամը 15-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գնացել էր Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան` հանդիպելու բուհի ուսանողների հետ և պատասխանելու նրանց հարցերին:
Ուսխորհրդի կողմից նախապատրաստված դահլիճում հանդիպումը կարճ է տևել: Ուսանողների մեծամասնությունը պահանջել է, որպեսզի Ա.Աշոտյանն իջնի համալսարանի բակ և այնտեղից պատասխանի իրենց հուզող բոլոր հարցերին: Տեսնելով, որ դիմադրությունն իզուր է, նախարարը տեղի է տվել:
Հանդիպմանը նախարարին տեղեկացրել են, որ ակտիվիստներից մեկին՝ Նարեկ Սամսոնյան անունով, տարել են ոստիկանություն: Աշոտյանը պատասխանել է, որ դեպքից տեղյակ չէ և չի կարող մեկնաբանություն տալ:
Այժմ բրյուսովցիները ակտիվիստի անունը վանկարկելով շարժվում են դեպի ոստիկանության շենք: Նշենք, որ այնտեղից հայտնել են,թե ահազանգ են ստացել՝ ինչ-որ մեկը կռիվ է հրահրում, ինչից հետո նա հրավիրվել է ոստիկանություն` բացատրություն տալու: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Հիշեցնենք, որ օրեր շարունակ բուռն զարգացումներ է ունենում ԵՊԼՀ ռելտոր Սուրեն Զոլյանին խիստ նկատողություններ ներկայացնելու և այնուհետև աշխատանքից հեռացնելու ԿԳ նախարար Ա.Աշոտյանի որոշումները: Երեկ ԵՊԼՀ-ի ուսանողները մեծ բողոքի ակցիա էին կազմակերպել ԿԳ նախարարության առջև՝ բացատրություններ պահանջելով նախարարից:
Ս.Զոլյանն արդեն դիմել է դատարան՝ վիճարկելով նախարարի որոշումը: Այժմ նախարարի մեկ այլ հրամանով ռեկտոր է նշանակվել բուհում մինչ այդ պրորեկտոր Գաբրիել Բալայանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում