«Կենտրոն»-ը ինչո՞ւ է նույնությամբ կրկնում թուրքերի ասածը

Մեկ անգամ չէ խոսվել, ասվել ու շեշտվել, որ չի կարելի, անթույլատրելի է ադրբեջանական աղբյուրներից ուղղակի մեջբերումներ անելը: Մանավանդ, երբ այդ ապատեղեկատվական «աղբյուրներն» անդրադառնում են Հայաստանին:

 Շատ է ասվել, բայց ի՞նչ օգուտ, երբ ասողին լսող չկա: Խնդրեմ, թարմ օրինակ. «Կենտրոն» հեռուստաընկերության երեկվա լրատվական թողարկման ժամանակ մեկ էլ հաղորդավարուհին ընթերցում է, թե ՄԱԿ-ում ադրբեջանական ներկայացուցիչ ոմն Մեհտիև հայտարարել է, թեր Մեծամորի ԱԷԿ-ը ամենավատն է ու պիտի փակել:

 Դե իհարկե, մեր ատոմակայանը թուրքերի ու նրանց կոյունլու եղբայր ազերիների փորնցավերից մեկն է ու, պարբերաբար նման հայտարարություններ են անում: Անհասկանալի է, թե «Կենտրոնն» ինչո՞ւ է նույնությամբ կրկնում այդ , ըստ էության՝ հակահայկական քարոզչանյութը: Ավելին՝ ինչո՞ւ է դա հրամցնում որպես «միջազգային լուր»: Նրանք գոնե հասկանո՞ւմ  են, որ առանց հայկական համապատասխան պաշտոնական մարմինների արձագանքի կամ գոնե առանց մասնագիտական մեկնաբանության նման՝ «դեյազյան լուրեր» հաղորդելով, ընդամենը ակամայից ծառայում են ադրբեջանական քարոզչությանը:

Սա իսկը այն դեպքերից է, երբ խոսքը գործ է, բայց «գործը» բանի նման չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում