Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են Լոս Անջելեսում, Էյնդհովենում և Կանադային մի շարք քաղաքներում

Ապրիլի 25-ին Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպվել էր «Ալֆա-Երևան» հաստատության կողմից, հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Հիշատակի միջոցառմանը ցուցադրվեց Տիգրան Խզմալյանի՝ Արմին Վեգներին նվիրված «Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը, Տիգրան Մայտեսյանի (ջութակ), Լյուբա Զաչուպեյկո-Հարությունյանի (դաշնամուր), Ռուստամ Հակոբջանյանի (դուդուկ) և Արկադի Պետրոսյանի (թառ) կատարմամբ հնչեցին ստեղծագործություններ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Հիշատակի միջոցառմանը ներկաներին իր խոսքով դիմեց նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն, ով շեշտեց. «Այն ազգը, որ պաշտում է արարումը, սրբացնում իր այբուբենն ու գիրքը, որ իր զավակներին մեծացնում է աշխատանքի ու կրթության գաղափարներով, չի կարող մահանալ սրից»:

Իսկ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ՀՀ պետական դրոշի խոնարհման արարողություն:  Այդ առիթով հյուպատոսություն էին հրավիրվել համայնքի ղեկավարներ՝ հասարակական, քաղաքական գործիչներ, մշակութային ոլորտի գործիչներ, հոգևոր առաջնորդներ:

Միջոցառման գլխավոր հյուրերն էին Հոլոքոստի և Ցեղասպանության ինստիտուտի (Իսրայել) տնօրեն, ցեղասպանագետ Իսրայել Չարնին և Կանադայի պառլամենտի անդամ Ջիմ Կարիջիանիսը:

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Լոս Անջելեսում ՀՀ պետական դրոշի խոնարհման արարողություն տեղի է ունենում առաջին անգամ: «Հայաստանի տան» նախաձեռնությամբ, այն կդառնա ամենամյա միջոցառում:

Ինչպես Times.am-ին հաղորդում են Հայկական հարցի ֆրանսիական գրասենյակից, գրասենյակի ղեկավար Հրաչ Դերջաբեդյանը հրավիրվել է մասնակցելու ցեղասպանության հիշատակի միջոցառումներին Կանադայում: Նա խոսքով հանդես է եկել տարբեր միջոցառումների ժամանակ Տորոնտոյում, Օտտավայում և Մոնրեալում:

Հարյուրավոր մասնակիցների և բազմաթիվ քաղաքական գործիչների առջև ելույթից հետո մարդիկ երթով շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատան շենքը՝ ցույցը շարունակելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում