Մամուլն այսօր. Հետընտրական զարգացումների կանխատեսումների և պաշտոնյաների ունեցվածքի մասին

Ընտրություններ.

Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ է հայտնել այդ կուսակցության նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է որ վերջինս ՕԵԿ-ից հեռանալու մասին նաև դիմում է ուղարկել: Եվ կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նիստում ընդունել են Աբրահամյանի ինքնաբացարկի դիմումը: Թերթը նշում է, որ այս օրերին ՕԵԿ համամասնական ընտրացուցակի թեկնածուները շարունակաբար ինքնաբացարկներ են հայտնում կուսակցության ներսում լուրջ տարաձայնությունների պատճառով: Ի դեպ, «Օրինաց երկիր»-ը միակ կուսակցությունն է, որտեղ ամենաշատն է ինքնաբացարկ գրանցվել:

Թերթը նաև գրում է, որ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը հերթական անգամ որոշել է ծաղրել ժողովրդին: ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցկացված կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը փորձել է աննախադեպ մարդասեր գտնվել ու հայտարարել է, թե կառավարությունը որոշել է թեթևացնել փոքր բիզնեսի հարկային բեռը: Իսկ այդ նպատակով կառավարությունն «Արտոնագրային վճարների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, որ մինչև 50 քմ տարածք ունեցող սննդի օբյեկտները կարող են արտոնագրային վճարումներ կատարել ինչպես ամսական, այնպես էլ եռամսյակային, վեցամսյա և ընդհուպ մեկ տարվա կտրվածքով: Ավելին, վարչապետն իր ելույթը նվիրել է այս նախագծին ու փորձել տպավորություն ստեղծել, թե իրենք մտածում են ժողովրդի մասին: Սակայն կատարվածի զավեշտն այն է, որ նախագիծն Աժ-ում օրենքի տեսք ստանալու համար դեռ պետք է բավական երկար ճանապարհ անցնի, մանավանդ որ հիմա Աժ-ն չի էլ գործում: Այլ կերպ ասած` այս որոշումը միանգամից չի իրագործվելու: Մինչդեռ Տիգրան Սարգսյանը փորձել է տպավորություն ստեղծել, թե իրենք արդեն իսկ ձեռնամուխ են եղել հարկային բեռի թեթեւացմանը:

«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ սովորաբար ընտրությունների շրջանում ամենից շատ փող աշխատում են կուսակցությունների շտաբների աշխատակիցները, որոնց վստահվում է թաղերում փող բաժանելու պատասխանատու գործը: Սակայն, թերթի տեղեկություններով, այս տարի նրանց նկատմամբ խիստ վերահսկողություն է իրականացվում, որ գումարները հասնեն ընտրողին և իրական քվե ապահովեն, այլ ոչ թե աչքակապություն անեն: Գումար յուրացնողները խիստ պատժվելու են՝ ընդհուպ նրանց տրամադրված գումարների հետգանձում: Ընտրություններից հետո մանրակրկիտ հաշվարկվելու են տվյալ թաղերի ընտրատեղամասերում ստացված ձայների քանակն ու բաշխված գումարը, եթե անհամապատասխանություն գտնեն, ընտրակաշառք բաժանողներից ետ են պահանջելու գումարը: Այդ պատճառով թաղերում ավելի զգույշ են գործում և ամեն մեկին գումար չեն տալիս:

«Իրատես de facto»-ն, անդրադառնալով հետընտրական զարգացումներին, կանխատեսում է երեք սցենար.

ա) Սահուն, նորմալ ընտրություններ, ձեռքսեղմումներ, շնորհավորանքներ

բ) Չափավոր լարվածություն` օդի բացթողում, դեմոկրատիայի արձանագրում, ընտրությունների արդյունքների «տեղավորում»

գ) Ֆորսմաժոր

«
Թույլ տանք կարծել, որ ամենահավանականը երկրորդ սցենարն է. ապագա խորհրդարանի աշխարհագրությունից դժգոհողներ, իհարկե, կլինեն և, կովկասյան հին ավանդույթի համաձայն, կգոռան, կբողոքեն, սակայն որևէ ռեզոնանս չի լինի. Համ գայլերը կուշտ կմնան, համ ոչխարները:

Թույլ տանք նաև մեզ կարծել, որ կոալիցիան նույնությամբ կպահպանվի:

Վերջին հաշվով որքան էլ ԲՀԿն «ահավոր» ցուցանիշներ է արձանագրում, միևնույն ժամանակ պրագմատիկ ԲՀԿի գերխնդիրն ունեցածը պահպանելն է, և հետո հաշվի առնենք այն հանգամանքը, որ Օսկանյանի «հայտնությամբ» ոչ միայն ԲՀԿի ներսում, այլև ժողովրդի, բոլորն են այսօր հարցնում` «կտո էտոտ պատերպևշի, օտկուդա օն պրիշյոլ»:

Պահու՞մ է արդյոք կոալիցիան իր պայմանավորվածությունները.

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած ՀՀԿ-ԲՀԿ առերևույթ հակադրությանը, այս կուսակցությունների ներկայացուցիչները հստակ պահում են այն նախընտրական պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել նախընտրական շրջանում: Այսպես, 41 ընտրատարածքներից 23-ում ԲՀԿ-ն թեկնածուներ չի առաջադրել ՀՀԿ թեկնածուների դեմ, իսկ 8-ում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրել ԲՀԿ-ականների դեմ: Նրանք պայմանավորվել էին, որ այդ ընտրատարածքներում ԲՀԿ-ականներն աջակցելու են ՀՀԿ թեկնածուներին, իսկ ՀՀԿ-ականները` ԲՀԿ-ականներին: Հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նախագահ Սերժ Սարգսյանը որոշ տարածքներում հայտարարում է ԲՀԿ թեկնածուներին պաշտպանելու մասին: Դրանով է պայմանավորված նաև ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկը թիվ 25 ընտրատարածքում, քանի որ այդտեղ ՀՀԿ-ն, ըստ պայմանավորվածության, պետք է պաշտպաներ ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանին: Հակառակ սրան, չի եղել մի տարածք, որտեղ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարի, թե պաշտպանում է ՀՀԿ-ական թեկնածու ի: Բայց ՀՀԿ-ականներն ասում են, որ դա էլ է պայմանավորվածության շրջանակներում»:

Իսկ ահա «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ այն ընտրատարածքներում, որտեղ ՀՀԿ-ն չունի թեկնածուներ, միշտ չէ, որ ՀՀԿ-ականները սատարում են ԲՀԿ թեկնածուներին: Ըստ թերթի` ՀՀԿ-ն սատարում է ԲՀԿ այն թեկնածուներին, որոնք համարվում են իրենց վստահելի մարդը, այլապես շատ դեպքերում նույնիսկ նրանց դեմ են աշխատում: Աժ փոխնախագահ, ՀՀԿ-ական էդուարդ Շարմազանովը, պատասխանելով թերթի հարցին, ասաց, թե ՀՀԿ-ն սատարում է այն թեկնածուներին, որոնց առաջադրել է:

Զարմանազան.

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ավանում ունի հինգ հատ շենք և շինություն` ընդհանուր 6 հազար 251 ք/մ մակերեսով: Այս մասին տեղեկանում ենք նրա կողմից ԿԸՀ ներկայացված գույքի և եկամուտների մասին հայտարարագրից:

Երևանի քաղաքապետը հայտարարագրել է նաև բնակարան Թումանյան փողոցում` 190 ք/մ մակերեսով, Ջերմուկ քաղաքում` անշարժ գույք 258 ք/մ մակերեսով, հողամաս Դիլիջանում` 6 հազար 365 ք/մ մակերեսով: Ըստ նույն փաստաթղթի, նա ունի երեք ավտոմեքենա` «Մերսեդես Բենց G500», «Մերսեդես Տ450» և «Ռենջ-Ռովեր սուպեր չարջ» մակնիշների: Տարեկան աշխատավարձը կազմել 14 մլն 225 հազար դրամ: 2012-ի մարտի 1-ի դրությամբ, բանկային հաշվեհամարներում ունեցել է 115 մլն դրամ, 50 հազարական եվրո և դոլար: Նրան է պատկանում «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 50 տոկոսը»:

«ՀԺ»-ն նաև անդրադարձել է ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված նախարարների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերին. «Ցուցակում ընդգրկված ամենաչքավորը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է. նա չունի ոչ մի տեսակ գույք և գումար` բանկային հաշվին: 

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ըստ ներկայացրած հայտարարագրի, ունի երկու անշարժ գույք` բնակարան Նոր Նորքի 1-ին զանգվածում 100 քմ մակերեսով և բնակելի տուն Նոր Նորքի 2-րդ զանգվածում 240 քմ մակերեսով: 

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ունի ութ հատ անշարժ գույք, որից երկու շենք և շինությունը գտնվում են Արարատի մարզի Դարակեևտ գյուղում: Նույն գյուղում ունի նաև երկու հողամաս, Երևանի Ա. Մանուկյան փողոցում 130 քմ մակերեսով բնակարան, Արաբկիր 21 փողոցում` 87 քմ մակերեսով բնակարան, 20 քմ մակերեսով ինչ-որ կառուցապատում, Բուզանդի փողոցում` 120 քմ մակերեսով բնակարան: 

ՀՀ բնապահպանության նախարաար Արամ Հարությունյանն իր հայատարարագրում նշել է, որ Դ. Անհաղթ փողոցում ունի 870,8 քմ մակերեսով շինություն: Նա բնակարաններ ունի Բայրոնի 3 հասցեում 210քմ, Փարպեցի փողոցում 85 քմ մակարեսներով: Իսկ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում Հարությունյանն ունի 800 քմ և 4300 քմ մակերեսներով հողամասեր:

ՀՀ տարածքային կառավարաման նախարար Արմեն Գևորգյանը բնակարան ունի Սանկտ Պետերբուրգում` 70,8 քմ մակերեսով, Երևանի Բայրոնի 3 հասցեում` 212 քմ մակերեսով: 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի Սոսեի փողոցում ունի 32,7 քմ մակերեսով տուն և ավտոտնակ` 21,4 քմ: Նա հայտարարագրել է 500 քմ հողամաս Ձորաղբյուրում: 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայատարարագրել է երկու բնակարան Պուշկին և Ծարավ Աղբյուրի փողոցներում` համապաատասխանաբար` 174,6 և 124,7 քմ մակերեսներով:

«Առավոտի» ունեցած տեղեկություններով` ապրիլի 12-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին ցմահ ազատազրկում է սպառնում, քանի որ խոսքը կանխամտածված դաժան սպանության մասին է: Հասկանալով դա` Սարգսյանը, ըստ թերթի աղբյուրի, որոշել է համագործակցել նախաքննության հետ և բացահայտել սպանության պատվիրատուներին:

Անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի տարածքից Տավուշի մարզի Դովեղ գյուղի գնդակոծմանը` «Ազգ»-ը գրում է. «Ինչո՞ւ ենք համոզված, որ Ալիևն այդ օրը հաստատապես Ղարաբաղ անունը տվել է, քանի որ հենց ապրիլի 25-ին, այն ժամանակ, երբ Բաքվի նախագահական նստավայրում դրա «տիրակալը» ժպտում էր հորդանանցի ալ Ռավաբիդանին, ժամը 11:15-ին, հայ-ադրբեջանական սահմանագծում, Տավուշի մարզի Դովեղ գյուղում, ադրբեջանական կողմը սկսել և իրագործել է կրակահերթ, ինչը տևել է 45 րոպե»:

Անդրադառնալով Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի Բաքու այցին` թերթը հիշեցնում է. «Հրեա դիվանագետն իրեն զգում է «ինչպես բարեկամի տանը»: Եթե գումարենք նաև, որ վերջին օրերին հրապարակայնացվեցին ադրբեջանա-իսրայելական «ռազմական առևտրի» որոշ մանրամասներ, ապա Լիբերմանի այցի օրերին սահմանում սրումը կարող է և որոշակի «միջազգային դավադրության» նշանակություն ունենալ: Հայաստանը նախընտրական շրջանում է, ու միջազգային ուժի կենտրոնները կարող են և որոշ սրումներ նախաձեռնել` նախընտրական գործընթացները իրենց ցանկացած ճանապարհով տանելու համար, իսկ Ղարաբաղը միշտ էլ եղել է և հիմա էլ կա աշխարհի համար այն հզորագույն լծակը` ազդելու և՛ Երևանի, և՛, անհրաժեշտության պարագայում, Բաքվի վրա»:


 

Հետևեք մեզ նաև Telegram-ում