Իրավիճակն Արցախում։ Ի՞նչ է տեղի ունեցել և ինչ է կատարվում հիմա
Նմանատիպ
Այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ Շուշի – Քարին Տակ խաչմերուկում փակել են Ստեփանակերտ – Գորիս ճանապարհը։ Արցախի տեղեկատվական շտաբից այս առիթով նշել են, որ միջադեպի վերաբերյալ տեղեկացրել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար», – նշել էին Տեղեկատվական շտաբում։
Ավելի ուշ տարածվել է նաև Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրությունը, որտեղ նշված էր, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Արցախում։ «Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը»,-ասված է հայտարարության մեջ։
Միջադեպին անդրադարձել է նաև Արցախի արտաքին գործերի նախարարությունը, որը Լաչինի միջանցքում Ադրբեջանի գործողություններն ահաբեկչություն է որակել։ «Այս անմարդկային արարքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը հայաթափելու, այնտեղ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի գերնպատակը մնացել է անփոփոխ», – նշված է Արցախի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Իր հերթին ադրբեջանական կողմը նշում է, որ Լաչինի միջանցքը փակած քաղաքացիական անձինք Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներն են, որոնք պնդում են, թե Արցախում շահագործվող ոսկու հանքերը բնապահպանական վնաս են հասցնում Ադրբեջանին։ Վերջիններս փորձում էին հասնել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, որտեղ ոսկու հանք է գործում։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե հայերն «ապօրինի են շահագործում հանքը» և «բնապահպանական վնասներ հասցնում» Ադրբեջանին։
Ճանապարհը փակած ադրբեջանցի պաշտոնյաների հետ բանակցում էին ռուս խաղաղապահները։ Մոտ երեք ժամ տևած բանակցություններից հետո Ստեփանակերտ – Գորիս ճանապարհը երկկողմանի բացվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Իսկ ահա Ադրբեջանի բնապահապանության նախարարության ներկայացուցիչները, ըստ ադրբեջանական մամուլի, սկզբից Շուշի են գնացել, իսկ հետո՝ Ստեփանակերտ։ Վերջիններս փորձում են «տեսչական ստուգումներ» իրականացնել Ճանկաթաղի ոսկու հանքում, ապա նաև «արգելել բնական ռեսուրսների ապօրինի շահագործումը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում