Գ.Նուշիկյանը խոստացել է հետամուտ լինել Ֆիրդուս թաղամասի բնակիչների բնակարանային խնդիրների լուծմանը

Թիվ 10 ընտրատարածքի ԱԺ պատգամավորության թեկնածու Գարեգին Նուշիկյանը հանդիպում է ունեցել Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) բնակիչների ու տվյալ տարածքում կառուցապատում իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում են թեկնածուի ընտրական շտաբից, հանդիպման ընթացքում քննարկվել է բնակիչների բնակարանների հետ կապված վերջին տարիներին կարծես անլուծելի դարձած խնդիրները:

Այս հարցի վերաբերյալ Գարեգին Նուշիկյանը նախապես հանդիպել էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ու քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Հանդիպում-քննարկման ընթացքում պրն. Նուշիկյանը նշել է, որ այդ գործընթացը մինչ օրս եղել և մնում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անմիջական վերասկողության ներքո, իսկ ինքն, ինչպես խոստացել էր բնակիչներին իր առաջին հանդիպման ընթացքում, ուշիուշով կհետևի և հետամուտ կլինի, որպեսզի խնդիրներն ունենան իրենց դրական լուծումները:

Երկու կողմերը ոչ միայն հստակեցրել են իրենց ունեցած երկկողմանի խնդիրները, այլև ներկայացնելով իրենց առաջարկությունները՝ եկան փոխհամաձայնության:

«Հուսով եմ` մեր հաջորդ հանդիպման ժամանակ բոլորդ կլինեք բնակարաններով ապահովված, և մենք կքննարկենք այլ հարցեր»,- նշել է ԱԺ պատգամավորության թեկնածու Գարեգին Նուշիկյանը:

Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարծքում Նուշիկյանին սատարում է ՀՀԿ-ին: ՀԱԿ-ի թեկնածուն Սարիբեկ Սուքիասյանն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում