Մամուլն այսօր. Ի՞նչ պատկեր կարող է լինել խորհրդարանում

Ընտրություններ.

«Երկիր» օրաթերթը գրում է, որ չնայած Gallup-ը ՕԵԿ-ին 6 տոկոս հաղթանակի բերկրանք է շնորհել, բայց ՕԵԿ-ում լավ են հասկանում, որ այդքան ձայն իրենք չունեն: Թերթի տեղեկություններով՝ օրերս ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ծանր խոսակցություն է ունեցել կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ: Առաջնորդը գուժել է Բիշարյանին. ավագ եղբայրը հրաժարվում է կրտսեր եղբորը պաշտպանելու պարտականություններից, ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը միայնակ է մնալու, ինչն էլ նշանակում է, որ անցնելու շանս չունեն: ՕԵԿ-ից թերթին հասած լուրերի համաձայն Բաղդասարյանը շտապել է Բիշարյանին հանգստացնել` ասելով, որ խորհրդարան չանցնելը դեռ չի նշանակում, թե իրենք կմնան առանց պաշտոնի: Բիշարյանը, սակայն, կտրուկ հրաժարվել է Բաղդասարյանի առաջարկից և պաշտոնից: Նա կտրականապես հայտարարել է, որ ինքը պայքարելու է մինչև վերջ և այդքան շուտ չի պատրաստվում հանձնվել ու տարիների աշխատանքը ջուրը գցել:

Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ Սիսիանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և ընտրողների հանդիպումը հետաքրքիր ընթացք է ունեցել: Երբ Ծառուկյանը մարդկանց մեջ եղած վախը կոտրելու համար հայտարարել է, թե «մարզպետերին ու քաղաքապետերին մի´ լսեք, ձեր խղճով քվեարկեք», սիսիանցիները տարակուսել են: Բանն այն է, որ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, և հավաքված մարդկանց մեջ զգալի թիվ են կազմել քաղաքապետարանի աշխատակիցները: «Հիմա ի՞նչ անենք՝ ընտրենք «Բարգավաճ»-ին, թե` չէ»,-զարմացած միմյանցից հետաքրքրվել են ընտրողները:

Համաձայն «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների՝ ՀՀ ԶՈԻ զինծառայողներին նույնպես ընտրությունների շրջանում 2-3 օր արձակուրդ է տրամադրվելու, որպեսզի նրանք ոչ միայն քվեարկեն բնակության վայրում, այլև ՀՀԿ-ի օգտին քարոզեն իրենց շրջապատին: ՊՆ տեղեկատվության և հասարակայնաթյան հետ վարչությունից թերթի գրավոր հարցմանն ի պատասխան, հերքել են վերոգրյալը` նշելով, որ ԸՕ-ի համապատասխան «խորհրդարանական ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար ՀՀ զինված ուժերում իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ»:

«ՀԺ»-ն նաև տեղեկացնում է, որ թիվ 7 ընտրատարածքային  ընտրական հանձնաժողովում մերժվել է Նիկոլ Փաշինյանի և նրա ներկայացուցչի դիմումբողոքը՝ Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

«ԸԸՀն հրաժարվել է ընդունել և գործին կցել «ՀԺ»-ի թղթակից Աննա Զախարյանի և Երւանի թիվ 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ վերջինս խոստովանում է, որ Ալեքսանյանը փող է տվել  դպրոցին, աշակերտներին և խոստացել է նրանց վերջին զանգը անվճար կազմակերպել իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում: ԸԸՀ նիստում Կարինե Զատիկյանն ասել է, որ ձայնագրության մեջ ինքը չի խոսում, և ԸԸՀն հավատացել է նրան: ԸԸՀ որոշումը Փաշինյանը բողոքարկելու է ԿԸՀում»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Ի՞նչ պատկեր կարող է լինել խորհրդարանում.

«ՀՀԿ-ն հայտարարել էր, որ իր համամասնական ցուցակում չեն լինելու օլիգարխներ, սակայն նրանք առաջադրվել են մեծամասնական ընտրակարգով, և արդյունքում նրանք միևնույն է` լինելու են խորհրդարնում, այդպես չէ՞»: «168 ժամ»-ի այս հարցին պատգամավորի թեկնածու Մարգարիտ Եսայանը պատասխանել է. «Ինձ համար բացարձակ անընդունելի են ընդդիմության հայտարարությունները` ուղղված օլիգարխներին: Այսօր մեծամասնական ընտրակարգով օլիգարխ (ես ավելի կողմ եմ «գործարար» ձևակերպմանը) թեկնածու է առաջադրել նաև ընդդիմությունը. օրինակ` թիվ 10 ընտրատարածքում: Ի՞նչ տարբերություն` ում օլիգարխն է կամ գործարարը, ստացվում է, որ եթե ընդդիմության օլիգարխն է, ուրեմն կարելի՞ է, որ գա խորհրդարան, եթե իշխանությանն է` չի՞ կարելի: Այստեղ առաջանում է երկակի ստանդարտի տրամաբանությունը: Ես, իհարկե, չեմ հավակնում դառնալ օլիգարխների պաշտպանը, բայց ճշմարտությունը չի կարող երկուշաբթի գործել, երեքշաբթի կասկածվել, չորեքշաբթի հերքվել, հինգշաբթի լրացվել, ուրբաթ մաս-մաս լինել, շաբաթ-կիրակի հանգստանալ, եթե ճշմարտություն է, ուրեմն` բոլորի համար է»:

Անդրադառնալով ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանի հայտարարությանը` «Ժամանակը» գրում է, թե նա «նախընտրական ընտրարշավի առանցքային խնդիր է դարձրել ՀՀԿ քաղաքական մենաշնորհի վերացումը` հայտարարելով, որ քաղաքական մենաշնորհը խոչընդոտում է երկրի զարգացմանը: Այդ համատեքստում հետաքրքրական հարց է ծագում. եթե, օրինակ, ԲՀԿ-ն խորհրդարանի ընտրությանը հավաքի այնքան ձայն, որ նրան անցնի 50+1 տոկոսը, ի՞նչ է անելու ԲՀԿ-ն այդ դեպքում: ԲՀԿ-ն իր ձայների մի մասը հանելու է աճուրդի՞, որ բացարձակ մեծամասնություն չկազմի, թե՞ կոալիցիա է կազմելու այլ ուժերի հետ ու նրանց առաջարկի, ասենք, վարչապետի և նախարարի պաշտոններ: Բայց չէ՞ որ քաղաքագիտական իմաստով այդ կոալիցիան կլինի նույնքան ձևական, որքան ձևական ներկայիս կոալիցիան էր որակել Վարդան Օսկանյանը: Թե՞ ԲՀԿ-ն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու դեպքում հրապարակավ հրաժարվելու է նախագահի ընտրությանը մասնակցելուց և այդ պաշտոնը զիջելու է այլ ուժի: Հետաքրքիր իրավիճակ է»:

Զարմանազան.

ՀՀ տարբեր մարզերից «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ է ստացել, որ ՀՀԿ շտաբներից ընտրողներին գեղեցիկ գրիչներ են բաժանել` ասելով, որ քվեարկության օրը մարդիկ պետք է ընտրաթերթիկի վրա նշում անեն անպայման դրանցով: Այդ գրիչներն իրենց վրա իբր փոքր տեսախցիկներ կամ չիպեր ունեն, որոնց միջոցով էլ վերահսկելու են քվեարկությունը: Ըստ թերթի տեղեկությունների` նման քայլի դիմել են հատկապես ծայրամասային փոքր գյուղերում, մասնավորապես Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում: Գյուղացիներին զգուշացրել են, որ այդ քայլին են գնում, որպեսզի մարդիկ իրենցից գումար չվերցնեն ու հետո ուրիշին ընտրեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում