Գարեգին Նուշիկյան. Ֆիրդուսի բնակարանային հարցերում առաջխաղացում կա

– Պարոն Նուշիկյան, վերջերս դուք հանդիպում ունեցաք վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ Ֆիրդուսի բնակիչների բնակարանների հետ կապված հարցերով: Ին՞չ պայմանավորվածություններ ունեցաք հանդիպումների արդյունքում: 

-Այդ հարցով ինձ դիմեցին նախ Երևանի 33-րդ թաղամասի բնակիչները: Ընդունելություն խնդրեցի ՀՀ վարչապետից եւ հանդիպում ունեցա: Նրա միջնորդությամբ էլ հանդիպել եմ կառուցապատողների հետ, այնուհետեւ արդեն ինքս հանդիպում կազմակերպեցի բնակիչների եւ կառուցապատող ընկերության ղեկավարների հետ: Այդ հանդիպմանը եղան բազմաթիվ հարցուպատասխաններ: Իրականում ուզում եմ նշել, որ թե բնակիչների, թե կառուցապատողների պատճառաբանություններն օբյեկտիվ են:  Կա քսանութ ընտանիք, որոնք պայմանագրեր էին կնքել եւ պետք է երեք տարվա ընթացքում այդտեղից բնակարաններ ստանային, բայց շինարարությունը դանդաղել էր կրկին օբյեկտիվ պատճառներով, ինչը սակայն չի նշանակում, որ բնակիչները մեղավրություն ունեն, եւ պետք է պատասխանատվություն կրեն: Պարզապես մարդիկ, ովքեր պայմանագրեր էին կնքել տեղում բնակարաններ ստանալու համար, հիմա փոխել են իրենց դիրքորոշումը երկար սպասումների արդյունքում, քանի որ նրանց կենցաղային պահանջմունքներն էլ փոխվել են:

– Բայց հիմա խնդիրը որ փուլու՞մ է: Ի վերջո՝ այս հարցը երբ ամբողջական լուծում կստանա:

– Կարևորն, անշուշտ, այն պայմանավորվածություններն էին, որ ձեռք բերեցինք այս հանդիպումների ու քննարկումների ընթացքում: Այն ընտանիքները, որտեղ կան 70 տարեկանից բարձր մեծահասակներ, առաջնահերթ նրանք կստանան իրենց բնակարանները գինու գործարանին հարող տարածքում: Մյուսներն էլ պետք է դիմումներ ներկայացնեն, որպեսզի կառուցապատողները տեսնեն, թե ինչ թվով ընտանիքների հետ գործ ունեն, եւ ինչ ժամանակահատվածում կկարողանան տրամադրել բնակարնները: Այն մարդիկ էլ, ովքեր ցանկանում են սպասել շինարարության ավարտին, կստանան այժմյան բնակարանների վարձակալության համար տրվող գումարի կրկնապատիկը: Այսինքն՝ կշարունակի վարձով ապրել, որպեսզի բնակարան ստանան իրենց նախկին բնակարանների տարածքում: Այսօր էլ Ֆիրդուսի տարածքում կան բազմաթիվ տներ, որոնք ընդգրկված են գերակա շահ ճանաչված տարածքում և առաջիկայում ենթակա են ազատման: Պայմանավորվածությունների արդյունքում հստակ որոշվեց, որ բնակիչներն իրենց բնակարանները կլքեն միայն այն ժամանակ, երբ կստանան իրենց նոր բնակարանները: Որպես փոխհատուցում այս ընթացքում կրած անհանգստությունների՝ բոլոր բնակիչները կստանան 5քմ-ով ավեի բնակելի մակերեսով բնակարաններ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում