«Ժառանգության» նախընտրական շտաբը դատապարտել է Մաշտոցի պուրակի բախումը ոստիկանության և ակտիվիստների միջև

«Ժառանգության» նախընտրական շտաբը դատապարտել է ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ իրագործված բռնությունը: Այդ կապակցությամբ կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Ապրիլի 29-ին, բնապահպանական խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիներ շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է անհամաչափ ուժ կիրառելով նրանց հանդեպ:

Ինչպես հստակ երեւում է միջադեպի տեսաձայնագրությունից ոստիկանները, այդ թվում՝ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ), առանց նախազգուշացման, առանց որեւէ պահանջ ներկայացնելու եւ առանց օրենքով սահմանված այլ ընթացակարգերի պահպանման ուժ են կիրառել խաղաղ գործողություն իրականացնող քաղաքացիների հանդեպ և առգրավել նրանց տեղադրած վրանները: Մեր ունեցած տեղեկություններով ոստիկանության կիրառած բռնությունների հետևանքով տասից ավելի ակտիվիստներ մարմնական տարբեր չափի վնասվածքներով դիմել են պուրակին հարակից՝ Մարգարյան հիվանդանոց՝ հետազոտության և բուժօգնության համար:

Քաղաքացիներից մի քանիսը նաեւ բերման են ենթարկվել ՀՀ Ոստիկանության Կենտրոն բաժանմունք, սակայն քիչ անց ազատ են արձակվել:

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է  ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ կիրառված բռնի գործողությունները ու այլ ապօրինությունները եւ պահանջում, որպեսզի կատարվածի համար պատասխանատուները պատժվեն օրենքիամբողջ խստությամբ»:

Նշենք, որ երեկ Մաշտոցի պուրակում կրկին լարված իրադրություն էր: Ակտիվիստները փորձել են վրան տեղադրել այգու տարածքում՝ մշտական նստացույց իրականացնելու նպատակով: Ոստիկանները միջամտել են այդ գործընթացին, տեղի է ունեցել բախում: Ակտիվիստների անձնազոհ դիմակայման արդյունքում ցուցարարները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ոստիկանները 7 հոգու ձերբակալել էին, սակայն մի քանի ժամ անց ազատ էին արձակել: Առավել ծանր վնասվածք ստացողներին նաև հոսպիտալացրել են:

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ և բնապահպաններ տարբեր միջոցներով պայքարում են Մաշտոցի պուրակում ապօրինի տեղակայված կրպակների անհապաղ ապամոնտաժման համար: Կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, ներկայացվել են հայտեր ոստիկանությանը Քաղաքապետարանին և այլ պետական իսնտանցիաներ: Նույնիսկ գումարվել է հանրային դատ, որտեղ ակտիվիստները որոշել էին սեփական ուժերով ապամոնտաժել կրպակները: Արդյունքում կազմվել են ապամոնտաժող բրիգադներ, որոնք, սակայն, դեռևս մեծ հաջողության չեն հասել: Լարվածությունը այգում պարբերաբար նվազում կամ ուժգնանում է՝ կախված ակտիվիստների կազմակերպած հերթական ակցիայից:

Քաղաքապետարանն այս հարցի շուրջ ներկայացրել է իր պաշտոնական դիրքորոշումը՝ նշելով, որ վերոնշյալ կրպակները տեղադրվել են ժամանակավոր և մինչև երեք տարի ժամկոտով, իսկ այնուհետև կյանքի է կոչվելու «Հին Երևան» նախագիծը, որի շրջանակներում այգին բարեկարգվելու է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում