Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ կներկայացվի «Արցախի հարսանիք» բեմադրությունը

Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ՝ մայիսի 8-ին կներկայացվի «Արցախի հարսանիք» բեմադրությունը:

Ներկայացման բեմադրիչը՝ «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ սցենարի հեղինակը Ալեքսանդր Մանասյանն է, բեմադրության հիմնական մասը ներկայացնելու է արցախյան «Մենք ենք մեր սարերը» պետական ազգագրական խումբը, «Կարին» համույթը նույնպես ունենալու է իր որոշակի մասնակցությունը, բեմադրությունը կլինի Շուշիի ամրոցի տարածքում և կտևի 1 ժամ 30 րոպե:

Գ.Գինոսյանի խոսքերով՝ ներկայացման մեջ աշխատել են ներկայացնել իրական Արցախն՝ իր բոլոր ավանդույթներով: Բանախոսը նաև տեղեկացրել է, որ կարվում են հատուկ տարազներ` պահպանելով ամեն մի դետալ ու ամեն մի մասնակցի համար իրեն բնորոշ հագուստ (ծնողներ, քավոր, քավորկին):

«Արվում է ամեն ինչ որ լինի և բեմական, նաև ավանդականը պահպանված: Բեմադրության մեջ ներկայացվում է, թե ինչպես են աղջկա տուն խնամախոսության գնում, հետո հարսին պետք է դուրս հանեն, տանեն եկեղեցի, տղայի տուն, որից հետո տեղի կունենա հարսանեկան խնջույքը: Արցախյան ավանդական հարսանիք է, ու պետք է ամբողջությամբ ներկայացվի արցախյան կոլորիտը, բարբառը, պետք է ներկայացվի իրական Արցախը»,- շեշտել է արվեստագետը՝ հավելելով, որ միջավայրն առավել ճշգրիտ պատկերելու նպատակով, տեղում նաև ժինգյալով հաց է թխվելու:

 
«Կարին» ազգագրական համույթի ղեկավարը տեղեկացրել է, որ պայմանավորվածություն կա, ըստ որի՝ այս բեմադրությունը կներկայացվի ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: 

Գ. Գինոսյանը ընդգծել է, որ ինքն այդ ընթացքում ցանկանում է ներկայացնել նաև մի քանի ռազմապարեր. «Չենք հասկանում, որ ռազմապարը պետք է մտնի բանակ: Հազարամյակներ շարունակ հայ զինվորի դաստիարակության անբաժանելի մասն է եղել ռազմապարը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում