Ս.Օհանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

Ս.թ. ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բազմաբնույթ հարաբերությունները, նշել, որ 20-ամյա համագործակցության ընթացքում կողմերն իրականացրել են բազմաթիվ ծրագրեր և նախատեսում են առաջիկայում ընդլայնել համագործակցությունը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, խոսվել է տարածաշրջանային անվտանգության ընկալման ընդհանուր մոտեցումների, առկա հակամարտությունների լուծման ուղիների ու դրանց վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մասին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր դիվանագիտական առաքելության ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանն ու կապերի ամրապնդմանը նպաստելու համար:

Դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը նշել է, որ հայ-իրանական ռազմավարական հարաբերությունները բխում են ինչպես երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից, այնպես էլ երկու ժողովուրդների պատմամշակութային ընդհանրություններից:

Ս.Օհանյանը դեսպանին մաղթել է հաջողություններ և հույս հայտնել, որ նա իր հետագա գործունեության ընթացքում նույնպես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում