Ինչու՞ է նախագահ Օբաման չարչարում ինքն իրեն և հայերին յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Ինչ-ինչ անհասկանալի պատճառներով, աշխարհի ամենահզոր երկրի նախագահը յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին ստիպված է զգում կատարել տարօրինակ և անհարկի մի ծիսակատարություն: Ապրիլի 24-ից շաբաթներ առաջ Բարաք Օբաման հրաhանգում է Սպիտակ տան իր աշխատակազմին քրքրել բառարանը և գտնել մի շարք բառեր բացի ցեղասպանությունից նկարագրելու համար Հայոց ցեղասպանությունը:

Արդեն չորորդ տարին է, ինչ նախագահի ձեռնհաս օգնականները հուսախաբ չեն անում նրան: Այս տարի «Հայերի հիշատակի օրվա» համար նրանք գտել են մի տասնյակ բառեր, որոնք նկարագրում են Հայոց ցեղասպանությունն առանց օգտագործելու հենց այդ կոնկրետ եզրույթը: Երբ նրանց մոտ սպառվեց ցեղասպանություն բառի hոմանիշները, նախագահի տքնաջան աշխատողները դիմեցին «Մեծ եղեռն» հայերեն բառերին առանց նշելու դրանց անգլերեն թարգմանությունը, որպեսզի հայերից բացի ոչ ոք չհասկանար, թե ինչի մասին է խոսում նախագահ Օբաման:

Ահա այս տարի նախագահի մարդկանց գտած  հոմանիշները. «վայրագություններ», «գազանաբար կոտորված», «աքսորի  ճանապարհին մեռնել», «անասելի տառապանքներ», «մեռան»,«պատմության մութ էջեր», «1915 թվականին տեղի ունեցածը», «անցյալի փաստեր», «խլված կյանքեր», «անիմաստ տուժածներ ու մահացածներ» և վերջապես` «Մեծ եղեռնի խավարը»: Ամենինչ, բացի ցեղասպանություն բառից:

Ցեղասպանության վերաբերյալ բանավոր մարմնամարզության մեջ ներգրավվելն անընդունելի և ոչ սազական է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար: Կարել է արդյո՞ք նման խեղճ ու կրակ ջանքերը բացատրել որպես Օբամայի կողմից իր դրժած խոստումները նվազագույնի հասցնելու անհույս փորձեր: Որպես նախագահի թեկնածու` նա բազմիցս և հանդիսավոր կերպով խոստացել է, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սակայն նախագահ դառնալով` նա թաքնվեց վիրավորական հայտարարությունների հետևում, որոնք տրվում են ամեն տարի նրա անունով:

Վերջին չորս տարիների ընթացքում արված իր հայտարարություններում նախագահ Օբաման խուսափեց իր նախընտրական խոստումները կատարելուց` նշելով, որ «Ես շարունակաբար նշել եմ 1915 թվականին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը: Այդ պատմության վերաբերյալ իմ  տեսակետը չի փոխվել»: Սակայն նա երբեք չփորձեց ամերիկյան հանրությանը ներկայացնել, թե հատկապես ինչ տեսակետ ուներ անցյալում, որն է դա այսօր, և թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին: Նա խորամանկորեն նվազեցնում է Հայոց ցեղասպանության կարևորությունը` կոչելով այն «1915 թվականին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը»: Մինչդեռ 2008 թվականի հունվարի 19-ին, այդ ժամանակ դեռ նախագահի թեկնածու Օբաման, փորձելով ստանալ հայկական համայնքի փողերն ու ձայները, ոչ մի տարակուսանք չուներ կոչելու այս իրադարձություններն իրենց ճշգրիտ անունով: Այդ ժամանակ, նա ինքնավստահ հայտարարեց, որ «Հայոց ցեղասպանությունը ենթադրություն, սեփական կարծիք կամ տեսակետ չէ» և խոստացավ, որ «նախագահ դառնալով»` նա «կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Ցավոք, նախագահ Օբաման իր վարչակազմի միակ անդամը չէ, ով չի պահում այս հարցի կապակցությամբ իր նախընտրական խոստումները: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, երկրի բարձրագույն պաշտոնատարներից երկուսը, տվել են նմանատիպ խոստումներ`ճանաչել Հայոց ցեղասպանությունը, երբ սենատոր էին և նախագահի թեկնածու: Մինչ փոխնախագահ Բայդենը ձայնը կտրել է, տիկին Քլինթոնը Հայոց ցեղասպանության ճանաչումը սատարողից դարձավ դրա գլխավոր հակառակորդը: Պետքարտուղար դառնալուց հետո, նա ակտիվորեն լոբբիստական գործունեություն ծավալեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ կոնգրեսի բանաձևը տապալելու ուղղությամբ:

Սպիտակ տան կողմից այս անիմաստ խեղկատակությունից չորս տարի անց Ամերիկայի հայկական համայնքն ունի երկու հիմնավոր պատճառ, որպեսզի խնդրի նախագահ Օբամային այլևս հանդես չգալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով:

Առաջինը` չորս տարի անընդմեջ դրժելով իր խոստումը և ցեղասպանության վերաբերյալ բառախաղեր խաղալով` Օբաման բարոյական իրավունք չունի խոսելու այս չափազանց զգայուն և ցավալի թեմայի վերաբերյալ: Ինչպե՞ս կարող է ԱՄՆ նախագահը դասեր տալ աշխարհում որևէ մեկին մարդու իրավունքների, ժողովրդավարության և արդարության մասին, երբ ինքն այդպես չարաշահել է իր սեփական ժողովրդի վստահությունը և կորցրել բոլորի վստահությունը: Նա պետք է դադարի չարչարել ինքն իրեն, իր աշխատակազմին և համայն հայությանը` չանելով «Հիշատակի օրվա» վերաբերյալ վիրավորական հայտարարություններ: Անիմաստ է նախագահ Օբամայի կողմից յուրաքանչյուր տարի այնպիսի հայտարարություններ անելը, որոնք հայերը չեն ցանկանում, չեն հավանում և վիրավորվում են:

Երկրորդ` ԱՄՆ մեկ այլ նախագահ Ռոնալդ Ռեգանը, արդեն ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը 1981 թվականի նախագահական հռչակագրով: Հայոց ցեղասպանությունը նաև ճանաչվել էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից 1975 և 1984 թվականներին, Արդարադատության նախարարության կողմից 1951 թվականին միջազգային դատարան ուղարկված պաշտոնական հաշվետվությունում և ԱՄՆ 42 նահանգների կողմից: Ուստի, հայկական համայնքը պետք է չխնդրի նախագահ Օբամայից կամ որևէ այլ քաղաքական թեկնածուից ճանաչելու այն, ինչն արդեն իսկ բազմիցս ճանաչվել է:

Ցեղասպանության թեման չափազանց սուրբ թեմա է քաղաքական խաղաքարտ լինելու համար: Նրանք ովքեր ընդունում են Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը, անում են դա, ոչ թե զոհերին լավություն անելու համար, այլ իրենց սեփական վարկանիշը և բարոյական կերպարը վերականգնելու համար:

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում