Իրանում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլն է ընթանում

Իրանում Խորհրդարանական (Մեջլիս) ընտրությունների երկրորդ փուլն է սկսվել: Ինչպես հաղորդում է իրանական «Presstv.ir» կայքը, Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սեյյեդ Ալի Խոմենեյին առաջիններից մեկը կատարել է իր ընտրությունը:

Աղբյուրի համաձայն՝ նա նշել է, որ ընտրությունները չափազանց Նշանակալի իրադարձություն են, և որ երկրորդ փուլը ավելի կարևոր է, քան առաջինը: Իրանի հոգևոր առաջնորդն իր ազգին կոչ է արել կատարել ընտրության իրենց մեծ պարտքը:

Օրենքի համաձայն` քվեարկությունը կտևի մինչև այսօր ժամը 18.00-ն, սակայն անհրաժեշտության դեպքում` Ներքին գործերի նախարարը կարող է երկարաձգել քվեարկության տևողությունը:

33 շրջաններից առաջադրված 130 թեկնածուներից խորհրդարան կանցնեն միայն 65-ը:

Իրանում Մեջլիսի ընտրությունների առաջին փուլն անցկացվել է մարտի 2-ին, որին ներկայացել են մոտ 48 մլն ընտրողների 68%-ը: 225 թեկնածուներ են կարողացել հավաքել պահանջվող ձայների մեծամասնությունը՝ առաջին փոլով իրենց տեղերը գտնելով Խորհրդարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում