Ուրուգվայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նմանատիպ
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող` Ուրուգվայի Հանրապետության ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, առաջինը ճանաչած ու դատապարտած պետության ԱԳ նախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ նա շրջել է հուշահամալիրի տարածքում, թանգարան-ինտիտուտում, ծանոթացել ոճրի փաստական նյութերին, վավերագրերին, լուսանկարներին: Լուիս Ալմագրոն գրառում է կատարել Ծիծեռնակաբերդի պատվո հյուրերի մատյանում, եղեւնի տնկել Հիշատակի պուրակում:
«Ուրուգվայի ողջ պատմությունը ցույց է տալիս, որ այն մարդու իրավունքները հարգող պետություն է: Ուրուգվայը չի սպասել, որ ուրիշները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, այլ ինքն է առաջինը ճանաչել ցեղասպանությունը»,-ասել է ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն:
Ի թիվս ավելի քան երկու տասնյակ պետությունների, Վատիկանի, Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, միջազգային այլ հեղինակավոր կառույցների, ԱՄՆ 42 նահանգների, աշխարհի տարբեր քաղաքների մունիցիպալ կառույցների, Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է 1965 դեռեւս թվականին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում