Ա.Ամասյան. «Աղանդավորներն ակտիվորեն մասնակցելու են ընտրություններին, այդ պատճառով էլ կուսակցությունները համագործակցում են նրանց հետ»

«Հայաստանում կա մոտ 200-230 հազար աղանդավոր, ինչը կազմում է ընտրողների 10 %-ը: Իսկ այդքան քվեներով կարելի է մտնել ԱԺ և ձայն ունենալ»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոն»-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ աղանդավորական կազմակերպությունները ակտիվորեն մասնակցելու են մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին. «Այդ պատճառով էլ կուսակցությունները համագործակցում են նրանց հետ»:

Բանախոսի խոսքերով՝ ընտրությանը մասնակցող 8 ուժերից միայն ՀՀԿ-ն, Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայերն» են, որ չեն պատրաստվում համագործակցել աղանդավորների հետ, իսկ մնացած 5-ի դեպքում՝ չի կարող երաշխավորել:

Ա.Ամարյանը շեշտել է, որ Հայաստանի օրենսդրական դաշտում հսկողություն սահմանված չէ աղանդավորների նկատմամբ և չեն կիրառվում պատժամիջոցներ, ինչը շատ բացասական է. «Վերջին երկու տարիների ընթացքում մեր եկեղեցին փորձում է հոգևոր դաշտը մաքուր պահել, սակայն կրոնական կազմակերպությունների հետ բանակցություններ չի վարում: Կարծում եմ, որ եթե աղանդավորները ընտրություններին մասնակցելու են, ապա նույնը պետք է անի նաև եկեղեցին»:

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնման կենտրոն»-ի ղեկավարը նաև նկատել է, որ կրոնական կազմակերպությունները շատ լավ ֆինանսավորում ունեն, որի մեծ մասը ստանում են արտերկրից, ինչպես նաև դոնորներից, որոնց թվում են նաև կուսակցությունները, մյուս աղբյուրը ցանցային մարքեթինգն է.

«2000 թվականին դրսից ներկրվող ապրանքների հետ Հայաստան է բերվել նաև կրոնական գրականություն»,- ընդգծել է Ա.Ամարյանը:

Բանախոսը նաև տեղեկացրել է, որ կուսակցությունների հետ համագործակցությունը գալիս է դեռևս նախորդ ընտրություններից. «Աղանդավորական կառույցները ակտիվորեն մասնակցել են նախորդ ընտրություններին: Անծանոթ մի կուսակցություն հայտնվում է խորհրդարանում, դա արդեն նշանակում է, որ կրոնական կառույցները կարող են ցանկացած կուսակցության անցկացնել խորհրդարան»:

Ամարյանի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում կան 64 գրանցված և 200 չգրանցված աղանդավորական կազմակերպություններ, և նրանք մեկը մյուսին չեն խանգարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում