«Ալ-Նասրի» սպորտային տնօրենը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխման լուրերը

«Ալ-Նասրի» սպորտային տնօրենը մեկնաբանել է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխման լուրերը

Սաուդյան Արաբիայի «Ալ – Նասր» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն Անտոնիո Սալազարը մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ տարածվող լուրերն ու հավանականությունը․

«Ես չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել Ռոնալդուի հավանական տեղափոխությունը։ Եկեք սպասենք և տեսնենք, թե ինչպես կզարգանան դեպքերը մինչև տարեվերջ։ Ինչպես տեսնում եք՝ այս քննարկումները հսկայական մասշտաբի բանակցություններ են ոչ միայն ակումբի, այլև երկրի ու համաշխարհային ֆուտբոլի համար։

Ես կարող եմ ընդամենը ասել, որ Կրիշտիանու Ռոնալդուն այս մարզաձևի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա ինձ համար միշտ եղել է օրինակելի սպորտսմեն՝ հաշվի առնելով հաղթանակի նրա ձգտումն ու կամքը։ Որպես Պորտուգալիայի քաղաքացի, ես միշտ երկրպագել եմ նրան։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,-նշել է Սալազարը։

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին Ռոնալդուն իր սկանդալային հարցազրույցում սուր քննադատության ենթարկեց Մանչեստեր Յունայթեդի գլխավոր մարզչին և ակումբի ղեկավարությանը։ Դրանից հետո ակումբն ու Ռոնալդուն փոխադարձ համաձայնությամբ վաղաժամ չեղարկեցին պայմանագիրը։ Ներկա պահին Ոսկե գնդակի հնգակի դափնեկիրը չունի ակումբային գրանցում և ազատ գործակալի կարգավիճակով նոր ակումբ է փնտրում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում