Հանրապետության նախագահը այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած գազով լիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին անհապաղ տեղափոխել են համապատասխան բուժհաստատություններ: Ինչպես Panorama.am-ին  հայտնեցին  ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ելույթից անմիջապես հետո` Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղեկցությամբ այցելեց «Նաիրի» բժշկական կենտրոն: 

Շփվելով տուժածների հետ, նախագահը նշեց, որ պետությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները տուժած անձանց առողջության վերականգնման համար, անհրաժեշտության դեպքում կներգրավվեն օտարերկրյա մասնագետներ: 

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, «Սուրբ աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա: 

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը Panorama.am-ին հայտնեց, որ «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխվածները այրվածքներ չեն ստացել, այլ տուժել են խուճապի ժամանակ: Նա վստահեցրեց, որ մասնագիտական գնահատականը կտրվի առավոտյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում