Զոլաքար գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերն ապատեղեկատվություն են

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղն ընդգրկող թիվ 24/26 տեղամասում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Panorama.am-ին հայտնել է Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը:

Սոցցանցերում և մի շարք լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվության համաձայն` ‎24/26 ընտրատեղամասում «ջարդել են կամերան և ծեծի են ենթարկել ՀԱԿ վստահված անձ Ալավերդի Նամալյանին և ԲՀԿ հանձնաժողովի անդամին: Կոտրել են նրանց ատամները»: Տեղեկացվում է նաև, որ ծեծված ԲՀԿ անդամների անուններն են Հայրապետյան Վարդան և Կեսոյան Կարեն»:

Panorama.am-ի հետ զրույցում, Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը նշեց, որ գյուղում նման դեպք չի գրանցվել, իսկ ոստիկանությունը, ինչպես հարկն է նորմալ ծառայություն է իրականացնում:

«Այդ ամենն ընդամենը ասեկոսներ են, որոնք տարածվել են ԲՀԿ-ական Խորեն Սարգսյանի և Վահագն Մասուրյանի կողմից: Նրանք մշտապես ամեն ինչ գյուղում խառնում են»,- նշեց գյուղապետը:

Վերջինիս հավաստմամբ՝ այդ պահին ընտրատեղամասում են գտնվել նաև դիտորդներ, ովքեր որևէ միջադեպ չեն արձանագրել, ավելին՝ նրանք քվեարկության պրոցեսը նորմալ են գնահատել:

Հարցին, թե՝ արդյոք ընտրատեղամասում բաց քվեարկություն է գրանցվել, Ա. Ղազարյանը նշեց. «Ոչ, ժողովուրդը էստեղ գրագետ ա՝ ըմբռնումով են մոտենում ընտրություններին: Էդ ինչ սուտի բան ա: Եթե բաց քվեարկություն ա եղել, դիտորդական խումբը կարձանագրեր: Դրանք բոլորը ասեկոսներ են, դրանց խնդրում եմ լուրջ մի վերաբերվեք»:

Իր հերթին, նշված ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) կայքի հետ զրույցում նշված տեղեկատվության առնչությամբ նշեց. «Մեր տեղամաս այցելեցին ԲՀԿ-ի երկու պատգամավորության թեկնածուներ, որոնք էլ որ հերյուրանքներ են տարածել: Երկրորդը՝ ԲՀԿ ներկայացուցիչները քվերակության պահին նկարահանումներ են իրականացրել և հանձնաժողովն այդ մասին արձանագրություն է կազմել»:

Վերջինիս խոսքերով, հերյուրանքներ են տեղեկություններն այն մասին, թե ինչ-որ անձանց ծեծի են ենթարկել. «Նման բան չկա»:

Panorama.am-ի հետ զրույցում ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Հրայր Մարգարյանն էլ բացատրել է, որ ոչ թե կոտրել են տեսախցիկը, այլ հանձնաժողովի նախագահը բռնագրավել է: «Սահակյան Ոսկան անունով քաղաքացին նկարում էր քվեախցիկում քվեարկություն կատարող անձին, իսկ դա օրենքով չի թույլատրվում»,-ասաց նա:

Հ. Մարգարյանը հեռախոսը փոխանցեց նաև Ալավերդի Նամալյանին: Նա, ասաց, որ ոչ ծեծ է եղել, ոչ էլ ատամներն են ջարդել: «Ինձ հետ ոչ մի պրոբլեմ չի եղել»,-ասաց Նամալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում