Միասնական ընտրական շտաբն ահազանգում է. «Տեղի է ունենում նախօրոք լավ կազմակերպված լայնածավալ մեքենայություն»

Միասնական ընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը հրավիրում է ՀՀ պետական մարմինների եւ միջազգային դիտորդների ուշադրությունը այն խիստ մտահոգիչ փաստի վրա, որ առավոտյան ժամը 8-ից սկսված ԱԺ ընտրությունների ընթացքում տեղի է ունենում նախօրոք լավ կազմակերպված լայնածավալ մեքենայություն. ընտրողների անձնագրերում դրվող եւ օրենքով սահմանված կարգով 12 ժամվա ընթացքում պահպանման ենթակա դրոշմակնիքները հաշված րոպեների ընթացքում անհետանում են:

Այս իրավիճակի նախօրոք կազմակերպված լինելու մասին  է վկայում նաեւ այն փաստը, որ առավոտյան ժամերին մեծ թվաքանակով քաղաքացիներ բերվում էին ընտրատեղամասեր եւ քվեարկության առաջին 2 ժամերի ընթացքում արձանագրվել են ընտրողների աննախադեպ մեծ կուտակումներ ընտրատեղամասերում: Արձանագրվել են նաեւ վստահված անձանց նկատմամբ բռնության, բաց քվեարկության, քվեարկության բնականոն ընթացքը խոչընդոտող դեպքեր:

Միասնական ընտրական շտաբը, որը միավորում է ընտրությունների օրինականության վերահսկողության նպատակով համագործակցող 3 քաղաքական ուժերի` Բարգավաճ Հայաստան կուսակցություն, Հայ Ազգային Կոնգրես եւ Հայ Յեղափոխական Դաշմակցություն, ստեղծված իրավիճակը գնահատում է որպես ընտրությունների օրինականությունը վտանգող գործընթաց: Ընտրողներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել քվեարկության գործընթացին, ինչը թույլ կտա նվազեցնել հնարավոր ընտրակեղծիքների ծավալը»:

Նշենք, որ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը քաղաքական բոլոր ուժերին կոչ էր արել պահպանել սառնասրտությունը և ընտրությունների օրը խուճապ սերմանող հայտարարություններ չանել: «Հատկապես այդ կոչը վերաբերում է մեր կոալիցիոն գործընկերներին»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ առավոտվանից ահազանգեր են ստացվում այն մասին, որ անձնագրերի վրա դրվող կնիքն անգետանում է: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ այն ընտրատեղամասերում, որտեղ նման դեպք է գրանցվել, կնիքի օգտագործման կարգը չի պահպանվել. «Կնիքը պետք է թափահարեին, նոր դրոշմեին: Նման ահազանգեր եղել են մի քանի տեղամասերից, արդեն պարզաբանվել է օգտագործման կարգի ամբողջ մեխանիզմը: Կան առաջին հավաստիացնող զանգերը, որ ամեն ինչ շտկվել է», -ասել է Տ.Մուկուչյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում