ՀԱԿ վստահված անձը բացառում է խախտումները

Թիվ 9/15 ընտրատեղամասում ընտրություններն ընթանում են բնականոն հունով, որևէ խախտում չի արձանագրվել, որևէ բողոք դեռ չի եղել, նույնիսկ անձնագրերում դրվող կնիքներն անհետանալու վերաբերյալ: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԸՏ հանձնաժողովի նախագահ Գոհարիկ Օսիպյանը: Նա նաև նշեց, որ առավոտյան 08.00-ից, երբ բացվել է ընտրատեղամասը, քաղաքացիներն ակտիվ մասնակվել են ընտրություններին: Այս պահին իր ընտրությունը կատարել է 135 քաղաքացի:

Ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող «Հիմնաքար» ՀԿ-ի անդամն էլ ասաց, որ ընտրություններն անցնում են նորմալ հունով, միայն երեք անձի անուն գրված չի եղել ցուցակում: Նրանց ուղարկել են ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչություն` խնդիրը շտկելու համար:

ՀԱԿ վստահաված անձ Ֆրունզիկ Մանգասարյանը համաձայնվեց և հանձնաժողովի նախագահի, և դիտորդի ասածներին, որ ընտրություններն անցնում են բնականոն հունով` «չհաշված մի քանի անդուր պահ»: «Թաղի մի քանի լավ, խարոշի ընկերներ հելնում-մտնում են, ուղղակի զզվելի է: Թե չէ ամեն ինչ նորմալ է, մարդիկ գալիս, ընտրում, գնում են»,- ասաց նա, ապա շարունակեց, որ խախտումներ բացառվում են, քանի որ հսկողությունը շատ ուժեղ է: «Այսպես կոչված ընդդիմությունից ավելի շատ մարդ կա, քան իշխանությունից»,- ասաց Ֆ. Մանգասարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում