Փորձագետները հայ-ադրբեջանական նոր բախում են կանխատեսում. զեկույց

Փորձագետները հայ-ադրբեջանական նոր բախում են կանխատեսում. զեկույց

44-օրյա պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե գնում են նոր առճակատման:

Այսպիսի կանխատեսում է արել Միջազգային ճգնաժամային խումբը, ենթադրելով, որ նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց 2020-ի հակամարտությունից ոչ պակաս աղետաբեր:

Ըստ փորձագետների` 44-օրյա պատերազմից ի վեր Բաքուն էլ ավելի է ամրապնդել դիրքերը․ «Ադրբեջանի բանակը մի քանի անգամ գերազանցում է հայկականին, շատ ավելի լավ է զինված և վայելում է Թուրքիայի աջակցությունը։ Եվրոպայում աճող պահանջարկը ադրբեջանական գազի նկատմամբ նույնպես քաջալերում է Բաքվին»,-նշվում է զեկույցում։

Ստեփաակերտը ռմբակոծությունից հետո, 2020թ-ի հոկտեմբեր

Իսկ Հայաստանը, ըստ փորձագետների, անցած երկու տարում չի համալրել իր զորքն ու սպառազինությունը, քանի որ Ռուսաստանը՝ զենքի ավանդական մատակարարը, պաշարների պակաս ունի, ինչն էապես ազդել է մատակարարումների վրա։

Զեկույցում նշվում է, որ 2020-ի հրադադարից հետո Ռուսաստանը խաղաղապահներ տեղակայեց Արցախում, որպեսզի զսպեր Հայաստանի հանդեպ հարձակումները։ Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, սակայն, այդ հաշվարկները չիրականացան:

«Ռուսական ուժերը չկանխեցին վերջին տարվա մի քանի բռնկումները: Ադրբեջանական զորքերը մարտին և օգոստոսին նոր տարածքներ գրավեցին Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ռազմավարական բարձունքներ։ Սեպտեմբերին ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի տարածք և գրավեցին որոշ տարածքներ։ Հարձակումները գնալով ավելի արյունալի են դառնում», – նշում է Միջազգային ճգնաժամային խումբը։

Նոր Հայկաջուր գյուղը լքելուց առաջ մարդիկ այրում են իրենց տները․ 2020թ-ի նոյեմբեր։ լուսանկարը՝ Մեդիամաքսի

Փորձագետները պնդում են, թե Ուկրաինայի պատերազմը ստվերել է նաև հայ-ադրբեջանական բանակցությունները։ Ըստ նրանց տեղեկությունների` անցած տարեվերջին Մոսկվան ընդունել էր Եվրամիության միջնորդությունը՝ հուսալով, որ դա կամրապնդի Ռուսաստանի խաղաղարար առաքելությունը:

Ռուս խաղաղապահները Արցախում․ Լուսանկարը՝ Մեդիամաքսի

Ուկրաինական պատերազմի բռնկումից ի վեր, սակայն, Մոսկվան Բրյուսելի այդ միջնորդությունը դիտարկում է որպես Ռուսաստանի ազդեցությունը զսպելու ևս մի փորձ, ինչը բացասաբար է ազդում խնդիրը խաղաղ կարգավորելու փորձերի վրա:

«Արդյունքում, շրջանառվում է համաձայնագրերի երկու նախագիծ. մեկը հեղինակել է Ռուսաստանը, մյուսը` Հայաստանն ու Ադրբեջանն են մշակել՝ Արևմուտքի աջակցությամբ․ փաստաթղթերից յուրաքանչյուրն անդրադառնում է հաղորդակցության ուղիների ու առևտրի վերականգնմանն ու հայ-ադրբեջանական սահմանի կայունացմանը, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը թողնում է առանձին՝ առայժմ չսկսված մի գործընթացի»,-ասվում է զեկույցում:

Մյուս կողմից, ըստ միջազգային ճգնաժամային խմբի, թեև կողմերը փորձում են համատեղ նախագիծ մշակել, սակայն, նրանց մոտեցումները դեռ շատ հեռու են միմյանցից։

«Բոլոր խաղաքարտերը Բաքվի ձեռքում են, և Ադրբեջանը հնարավոր գործարքից ավելի շատ կշահի, հատկապես՝ ռազմական ու արտաքին քաղաքականության առումով, քան եթե փորձի այդ նպատակներին հասնել ռազմական ճանապարհով», – նշում են փորձագետները, զգուշացնելով՝ վտանգն այն է, որ բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի, և կամ՝ հերթական ռազմական բախումը կխորտակի թե՛ Մոսկվայի, թե՛ Արևմուտքի հովանավորած ուղիները, ու Ադրբեջանը ուժով կվերցնի այն, ինչ կարող է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում