Մայիսի 4-ի դեպքից հետո հիվանդների վիճակը գնահատվում է միջին և ծանր. Հ.Քուշկյանը կրկին այցելում է բուժհաստատություններ

Մայիսի 4-ին երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից անմիջապես հետո ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր մասնագետները կցվել են մայրաքաղաքի այն բուժաստատություններին, ուր տեղափոխվել են դեպքից տուժածները:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Հարություն Քուշկյանն այցելել է բոլոր բժշկական հաստատությունները, տեղերում քննարկել բուժման, դեղերով և բժշկական պարագաներով ապահովվածության հարցերը և առհասարակ գնահատել բժշկական հաստատությունների պատրաստվածության աստիճանը: 

Բժշկական հաստատություններին հատկացվել են լրացուցիչ քանակությամբ դեղորայք` քսուկներ, ցավազրկողներ, և անհրաժեշտ բուժպարագաներ:

Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից հիվանդանոցներից մեկ առ մեկ հավաքագրվել են բոլոր այն քաղաքացիների տվյալները, որոնք պատահարի հետևանքով դիմել էին բուժհաստատություններ: Ճշգրտվել են բոլոր անվանացանկերը, հստակեցվել ախտորոշումները, կազմվել է ամբողջական ցանկ, որը տրամադրվել է նաև արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն մայիսի 5-ին ժամը 1:00 դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններ դիմել էր 154 քաղաքացի, որոնցից հոսպիտալացվել էր 98-ը, այդ թվում 28-ը` վերակենդանացման բաժամունքներում:

Հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատեցին միջին և ծանր:

Արդեն առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում էր ստանում 94 քաղաքացի, որոնցից 25-ը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքներում: Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Ողջ օրվա ընթացքում շարունակվել են հերթապահություններն` ինչպես առողջապահության նախարարությունում, այնպես էլ բժշկական հաստատություններում. կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան: Դուրսգրումները շարունակվեցին: Բժշկական հաստատություններում ստացիոնար բուժում էին ստանում 80-ը:

Մայիսի 6-ի ժամը 14:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 78 քաղաքացի, որոնցից 17-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում:

Նախարարի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են, որ հիվանդների առողջական վիճակը կայուն է և դուրսգրումները շարունակվում են:

Հարություն Քուշկյանը կրկին այցելում է բուժհաստատություններ: Ներկա պահին նախարարը գտնվում է Այրվածքների և ճառագայթաբանության կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում