Լ.Տեր-Պետրոսյան. «Հայաստանում յուրաքանչյուր հաջորդ ընտրություն ավելի վատն է, քան նախորդը»

Այսօր Միասնական շտաբ է այցելել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Շտաբի նիստին մասնակցում են ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ-ից՝ Հմայակ Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից՝ Սպարտակ Սեյրանյանն ու Լիլիթ Գալստյանը: 

Տեր-Պետրոսյանը նշել է, որ իր այցը պայմանավորված է նրանով, որ հենց սկզբից՝ տարիներ շարունակ հակառակ ճամբարներում գործող քաղաքական ուժերից կազմված այս կառույցն ինքը շատ է կարևորել. «Սա ոչ ԲՀԿ-ի խնդիրն է, ոչ ՀԱԿ-ի, սա մեր երկրի հարցն է: Ինչու պետք է մենք ամենաարհամարված երկիրը մնանք»:

ՀԱԿ առաջնորդը նաև նկատել է, որ ինքը միշտ նշել է, թե «Հայաստանում յուրաքանչյուր հաջորդ ընտրություն ավելի վատն է, քան նախորդը»: Նրա խոսքերով՝ եթե մինչև այսօր ժամը 20:00-ը քվերակությունն ընթանա նույն կերպ ու ոչինչ չփոխվի, ապա իր այդ մոտեցումը ավելի կամրապնդվի:

Նախքան Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը խոսք է խնդրել ԲՀԿ-ական, նախկին արտգործնախանախարար Վարդան Օսկանյանը՝ հայտարարելով, որ ինքը քվեարկել է ժամը 12:00-ին Գրողների միության շենքում, իսկ անձնագրում խփած կնիքն արդեն անհետացել է:

«Կարող ա չե՞ս քվեարկել»,- հարցրել է ՀԱԿ առաջնորդը: «Դրա ապացույցը կա, պարոն նախագա՛հ, մամուլ կար»,- պատասխանել է Օսկանյանը:

 Այդ առնչությամբ Լ.Տեր-Պետրոսյանը նկատել է, որ դա կրկնաքվեարկությունները կանխելու միակ միջոցն էր, որն էլ վերացվեց.

«Դե դուք արդեն ձեր հետևություններն արեք այս իշխանությունների, նրանց փոխվելու, որ կարող են փոխվեն և կարող եք դրան հավատալ: Կարող են զոռբայությամբ, ընտրակեղծիքներով նորից պահել այս իշխանությունը, է հետո՞: Բայց ո՞ւմ հանդեպ են տանում այս հաղթանակը, նրանք դա տոնում են այս ժողովրդի, այս երկրի նկատմամբ»,- մասնավորապես ասել է Լ.Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ առաջնորդը նաև ասել է, որ շատաբում անընդհատ թարմացվում են ընտրախախտումների մասին տեղեկությունները, որոնք մանրամասներին ինքն այնքան էլ տեղյակ չէ. «Սրանք, ցավոք, կդառնան մի ամբողջ կատալոգ»:

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործերին՝ Լ.Տեր-Պետրոսյանն ասել է. «Ովքեր օրենքը խախտում են, թող պատժվեն, ես համաձայն եմ, բայց դուք էլ հետևեք, որ հանրապետականները պատժվեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում