Հայ և չեխ դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարները

Մայիսի 15-ին Երևանում Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ փոխնախարարների ղեկավարությամբ։ ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարում էր նախարարի տեղակալ Զ. Մնացականյանը, չեխական կողմից՝ նախարարի առաջին տեղակալ Յիրժի Շնայդերը։

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, հայ և չեխ դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, մշակութային հարթություններում համագործակցության ներկա մակարդակը, առևտրաշրջանառության խթանման և մշակութային ոլորտում համագործակցության հեռանկարները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին հայ-չեխական քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման վերաբերյալ, ինչի ապացույցն է անցյալ տարի Պրահայում բացված ՀՀ դեսպանությունը և այս տարի Երևանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի նշանակումը։

Քննարկվեցին եվրոպական և միջազգային կառույցներում փոխգործակցության ակտիվացման հետ կապված հարցեր: Անդրադարձ կատարվեց ԵՄ հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին և արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև ԵՄ հետ համագործակցության հեռանկարներին:

Մտքեր փոխանակվեցին երկու երկրների արտաքին քաղաքական առաջնայնությունների օրակարգի, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում