Թբիլիսիի Ս.Նշան եկեղեցու զանգակատան փլուզումը պետք է շուտափույթ վերանորոգվի

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց մայիսի 13-ի գիշերը Թբիլիսիի Ս.Նշան եկեղեցու զանգակատան փլուզման դեպքին: Երկուստեք արձանագրվեց հիշյալ եկեղեցու շուտափույթ վերանորոգման և ամրացման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում` նաև նմանատիպ դեպքերից հետագայում ապահովագրված լինելու նպատակով:

Դեսպան Մանուկյանը և Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը քննարկեցին նաև Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներն սկսելու հարցը, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների օրակարգին առնչվող այլ հարցեր:

 Նույն օրը Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի գլխավոր դատախազ Մուրթազ Զոդելավայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վրաստանի կալանավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիների իրավունքներին, ոչ ծանր և ոչ դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտված ՀՀ քաղաքացիների` առաջիկայում ներման և ազատ արձակման հնարավորությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում