Նոր խորհրդարանի անդրանիկ նստաշրջանը հնարավոր է տեղի ունենա մայիսի 31-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս չի ներկայացրել համամասնական ընտրակարգով ընտրված 90 պատգամավորների ցանկը: Այդ իսկ պատճառով խորհրդարանում չեն կարողանում պատրաստվել ԱԺ անդրանիկ նստաշրջանին:

ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը, իսկ ԱԺ Կանոնակարգ օրենքը հստակեցնում է՝ ժամը 10-ին և դրա մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Այդպիսով, եթե հաշվի առնել այն համգամանքը, որ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները հայտարարվել են մայիսի 13-ին, ապա ԱԺ առաջին նստաշրջանը կկայանա մայիսի 31-ին` հրապարակման օրվանից հետո երրորդ հինգշաբթի:

Առաջին նստաշրջանի բացման ժամանակ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Այդ ելույթներից հետո պատգամավորները երդվում են` «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:



Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված է մի քանի հարց` հաշվիչ հանձնաժողովի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններ: Նույն նիստում կորոշվեն նաև ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները, ինչպես նաև կընտրվեն ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ: 



Հայաստանի Ազգային ժողովը ընտրվում է հինգ տարի ժամկետով: Խորհրդարանը կազմված է 131 պատգամավորներից, որոնցից 41-ն ընտրվում են մեծամասնական ընտրակարգով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում