Մամուլն այսօր. Ինչու՞մ է կայանում հետընտրական հիմնական պայքարը և արդյո՞ք կվաճառվի Երևանի գլխավոր փոստի շենքը

Հետընտրական զարգացումներ.

«Հրապարակ»-ը տեղեկացնում է, որ այսօր, մինչև ժամը 18:00-ն մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնություն ունեցող 9 քաղաքական ուժերը կարող են իրենց դիմում-բողոքները ներկայացնել Սահմանադրական դատարան: Ենթադրվում է, որ կայացած ընտրությունների արդյունքներից կդժգոհեն և դիմումներ կներկայացնեն Հայ ազգային կոնգրես դաշինքը, ինչպես նաև 5 տոկոսի շեմը չհաղթահարած երեք կուսակցությունները: Մեկ օր առաջ ավարտվեց նաև մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների` ՍԴ դիմելու ժամկետը: Այս դիմումներով նիստերը ՍԴ-ում կկայանան առաջիկայում: Մինչ ՍԴ-ում դիմումներ են ընդունվում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում երեկվա ընթացքում ինքնաբացարկի ոչ մի դիմում չի ներկայացվել, թեև մամուլում համառորեն մանդատներից հրաժարվողների անուններ են շրջանառվում: ԿԸՀ-ն այս օրերի ընթացքում ինքնաբացարկի ընդամենը 5 դիմում է ստացել:

Թերթը նաև գրում է, որ «Ժառանգություն» կուսակցության ներսում ներկուսակցական խմորումները դեռ շատ ջուր կքաշեին, եթե «Ազատ դեմոկրատների» վերաբերյալ մեղադրանքներն իսկապես իրական հիմքեր ունենային, իսկ դեմոկրատներն էլ ընդունեին դա և ընկրկեին: Սակայն, թերթի տեղեկություններով, երբ «Ժառանգության» անդամները կասկածի տակ են դրել «Ազատ դեմոկրատների»` ընտրությունների ժամանակ կատարած աշխատանքը, դեմոկրատները փաստերով են խոսել դաշնակիցների հետ և յուրաքանչյուր ընտրատեղամասում ստացած ձայների ցուցանիշները դրել են սեղանին` փաստարկելով, որ այն ընտրատեղամասերում, որտեղ պատասխանատուները եղել են դեմոկրատները, հիմնականում ավելի շատ ձայներ են գրանցվել կուսակցության օգտին, քան այնտեղ, որտեղ «Ժառանգության» ներկայացուցիչներին է վստահված եղել տվյալ տարածքը: Այլ կերպ ասած` «Ժառանգության» անդամներին իրենց տեղն են դրել, ընդգծելով ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի` իրենց հաշվին ավելացրած տոկոսների, այսինքն` նախորդ ընտրությունների համեմատ առավել թեժ մրցակցության հանգամանքը: Որպես այս զարգացումների շարունակություն պետք է դիտարկել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի երեկվա հայտարարությունը, թե «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» կգնան խորհրդարան, մանդատներից հրաժարվելու հարց երկու կուսակցություններում էլ չի քննարկվել: Նման պատասխանատու հայտարարությունը, ըստ ամենայնի, երկուստեք համաձայնեցված է եղել և նշանակում է, որ սրբագրում են երկու օր առաջ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հայտնի հայտարարությունը, թե չի բացառվում, որ միասնական ցուցակում ինքնաբացարկներ լինեն:

Լավատեղյակ աղբյուրներից «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանը նույն կուսակցության 3-րդ համար Վ. Օսկանյանին զգուշացրել է, որ եթե ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կազմվի, Օսկանյանը պետք է հրաժարվի պատգամավորի մանդատից:

Օսկանյանը, սակայն, թերթի տեղեկություններով, Ծառուկյանին ասել է, որ կուսակցությունից դուրս կգա, բայց մանդատից չի հրաժարվի և խորհրդարանում կգործի որպես անկախ պատգամավոր: Թերթի տեղեկություններով, Ծառուկյանը նման խնդիր առաջադրել է նաև Հմայակ Հովհաննիսյանին, որը ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համարն է և փաստացի ընտրվել է պատգամավոր: Լուրեր կան, սակայն, որ Հովհաննիսյանը նույնպես մտադիր չէ որևէ պայմանով հրաժարվել պատգամավորական մանդատից: Օսկանյանն ու Հովհաննիսյանը, ինչպես նաև նրանց բազմաթիվ կողմնակիցներ դեռևս հույս ունեն, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս չի կազմի: Նույնիսկ այս պարագայում, սակայն, ԲՀԿ ներսում լարվածություն կառաջանա, որովհետև այստեղ քիչ չեն նաև կոալիցիա կազմելու կողմնակիցները: Այս բլոկը գլխավորում են առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն ու քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

«ՀԺ»-ն նաև գրում է, որ ՀՀԿում հիմնական պայքարը ներկայումս ընթանում է վարչապետի պաշտոնի համար, որի հավակնորդ են համարվում գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: 

Վերջինս, թերթի տեղեկություններով, նախընտրում է գլխավորել Հայաստանի կառավարությունը և դեմ չէ, որ Տիգրան Սարգսյանը դառնա Ազգային ժողովի նախագահ: Ըստ թերթի` Տիգրան ՍարգսյանՍամվել Նիկոյան տանդեմն էլ աշխատում է այսօրվա իրավիճակի պահպանման ուղղությամբ, որ Նիկոյանը մնա ԱԺ նախագահ, Տիգրան Սարգսյանը` վարչապետ, իսկ Հովիկ Աբրահամյանին ուղարկեն Սերժ Սարգսյանի աշխատակազմ` ղեկավարի կարգավիճակով:

«Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, պատասխանելով հնարավոր կոալիցիայի մասին հարցին, նշել է. «ՀՀԿ-ն կգնա կոալիցիոն կառավարման թեկուզ այն պատճառով, որ ՕԵԿ-ն անցել է խորհրդարան։ 

Ի դեպ, սա վկայում է, որ իշխող կուսակցությունը նախապես համոզված չէր, թե կարող է մեծամասնություն կազմել խորհրդարանում։ Այսինքն՝ ՕԵԿ-ի «ֆունկցիան» հենց այդ մեծամասնությունը ապահովելն էր։ Երկրորդ՝ կոալիցիոն կառավարումը դարձել է Հայաստանի քաղաքական մշակույթի մի մասը, և մի տեսակ «անհարմար է» հրաժարվել այդ ավանդույթից։ Երրորդ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները դիտվում են որպես «փրայմըրիզ» նախագահական ընտրությունների համար։ 

Առջևում ամառն է, իսկ աշնանը քաղաքական ուժերը սահուն կերպով կմտնեն նախագահական ընտրարշավի փուլ։ Նախագահական ընտրությունների շեմին խորհրդարանի մի ստվար հատվածը «վերահսկողությունից» դուրս՝ ընդդիմադիր դաշտում թողնելը, ընդհանուր առմամբ, այնքան էլ տրամաբանական չէ։ Այս առումով, կարծում եմ, հանրապետականների տեսանկյունից ավելի ճիշտ է վերականգնել կոալիցիայի նախկին ձևաչափը»։

Անդրադարձ ՀՀԿ ԳՄ երեկվա նիստին.

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԳՄ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամներին ասել է, որ ինքն այս օրերին հանդիպումներ է ունենում կուսակցությունների ղեկավարների հետ: Թե քաղաքական որ ուժերի մասին է խոսքը, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մատնանշել: Նա միայն ասաց, որ Ս. Սարգսյանը չի հանդիպել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարին: Համաձայն թերթին հասած տեղեկությունների` Ս. Սարգսյանն այս օրերին հանդիպել է ԲՀԿ, ՕԵԿ նախագահների և ՀՅԴ ղեկավարության հետ` քննարկելով իշխանության ձևավորման հարցերը: Սերժ Սարգսյանի նպատակն այն է, որ բոլոր ուժերը միավորվեն կոալիցիայի կազմում` խոստանալով որ 2013-ի նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չեն առաջադրի:

«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին ներկա էր ողջ Հանրապետական էլիտան` չէր մասնակցում միայն ԳՄ անդամ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Պաշտոնական բացատրությունն այն էր, որ Աբրահամյանը վատառողջ է. դեռևս նախորդ օրը ՀՀԿ-ականները տեսել էին, որ Արգամիչը գրիպով հիվանդ է և խուսափում է շփվել իրենց հետ: Սակայն, ըստ ամենայնի, նա տեղեկացված էր, որ երեկվա նիստում ոչ մի էական բան չի լինելու, դրա համար չէր եկել:

Զարմանազան.

«Երկիր» օրարթերթը գրում թ, որ ընտրակաշառք բաժանողները շատ լավ գիտեն, որ դա անել քարոզարշավի ընթացքում անիմաստ է, փողն ուժը կորցնում է, երբ արդեն ծախսվել է, ուստի սովորաբար ընտրակաշառքը բաժանվում է ընտրություններից ժամեր կամ մեկ օր առաջ, այդպես աչքին լավ է: Գավառ քաղաքում թերթի թղթակցին երեկ ընտրողներից մեկը դժգոհել է, թե կաշառքից այդպես էլ բան չեն հասկացել. «Գիվա թե էդ քոռ կոպեկն ի՞նչ էր, տվին, մի օրում կերանք, պրծավ, լավ չէ՞ր լինի, դրա տեղը էս ճամփեքը ասֆալտ անեին: Սաղ քաղաքում մե նորմալ ճամփա չկա, անիմաստ բերին-տվին փորներիս: Հազար ու մի դարդ ու ցավ կարային լուծեին»: Թերթի այն դիտարկմանը, թե` թող կաշառքով չընտրեիք, պատասխանել է` «հո ես դեբիլ չեմ, որ չվերցնեի: 5 տարին մեկ հազիվ մի քանի կոպեկ քերում ենք, էդ էլ չվերցնեի՞: Համ էլ զոռով, համոզելով-քյոլելով դրին ճանգս, ես չէի էլ վերցնում: Հաջորդ անգամ անփարա կընտրեմ»:

Ստացվում է` մարդիկ կամաց-կամաց հասկանում են, թե ինչ մեծ սխալ են գործել, բայց, ցավոք, սխալվել են առաջիկա 5 տարիների համար:

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` կառավարությունը մտադիր է վաճառել Երևանի գլխավոր փոստի շենքը: Կառավարությունում կարծում են, որ այն շատ ավելի արդյունավետ կլինի օգտագործել որպես էլիտար բնակելի շենք կամ հյուրանոցային համալիր:

«Ժողովուրդ»-ը եղավ Սարյան փողոցում գտնվող «Հայ փոստ»-ի շենքում պարզելու համար` արդյոք ճիշտ են այդ տեղեկությունները: Քանի դեռ թերթի աշխատակիցները չէին ներկայացել, փոստի աշխատակիցներն ասացին, թե նման խոսակցություններ երկար ժամանակ է, ինչ լսել են, բայց չեն կարող ասել` որքանով են դրանք իրական: «Ճիշտն ասած, մոտ մի ամիս առաջ էլ էկան, ասեցին` բա խաբա՞ր եք, շենքը ուզում են ծախեն, մենք էլ ստեղ հեռախոս բան ենք ծախում, ասեցինք` դե եթե նման բան կա, մեզ մի քիչ շուտ ասեք, որ մենք մեր գլխի ճարը տեսնենք, հետո ստեղի ղեկավարներից հարցրինք, ասեցին` հլը հաստատ բան չգիտենք, ու էսօր էլ ձեզանից ենք լսում, որ նման բան կա: Ո՞վ իմանա` ինչ ա լինելու, օրական մի օրենք են փոխում, մի բան են անում, ես շատ իմանամ` մեր գլխի գալիքը որն ա լինելու, անտեր երկիր ա, ով ինչ ուզում անում ա»,-վրդովված ասաց այդ շենքի առաջին հարկում հեռախոսների վաճառքով զբաղվողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում