Ռուսաստանը դատապարտել է Ստամբուլում անցկացված հակառուսական միջոցառումները

Ռուսաստանի ԱԳ գերատեսչությունը դատապարտել է Ստամբուլում անցկացված հակառուսական միջոցառումները, որոնք անց են կացվել թուրքական իշխանությունների թողտվությամբ: «РИА Новости» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Անընդունելի է Թուրքիայում միջոցառումների անցկացումը, որոնց մասնակիցները սպառնում են ՌԴ տարածքային ամբողջականությանն ու քաղաքացիների անվտանգությանը», – շեշտել է Լուկաշևիչը՝ հիշեցնելով, որ մայիսի 12-13-ին Ստամբուլում կայացել են մի շարք միջոցառումներ, այդ թվում Կովկասի վերաբերյալ միջազգային համաժողով է անցկացվել, որի շրջանակներում ընդունվել է հակառուսական հռչակագիր:
ԱԳՆ ներկայացուցչն ընդգծել է, որ նման միջոցառումները «ստվերում են երկու պետությունների միջև առկա գործընկեր հարաբերությունները և պետք է, որ համապատասխան գնահատականի արժանանան թուրքական իշխանություննների կողմից»:
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ անթույլատրելի է հռչակագրում այնպիսի դրույթների առկայությունը, ինչպես օրինակ «աջակցություն ընդդեմ Ռուսաստանի մղվող պայքարին» կամ «ողջունում ենք կովկասյան լեռներում սուրբ առաքելություն իրականացնող Դոկու Ումարովի գլխավորությամբ բոլոր մոջահեդներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում