ՀԱՊԿ-ն աշխատում է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու շուրջ
Նմանատիպ
ՀԱՊԿ-ը շարունակում է հայ-ադրբեջանական սահման դիտորդական առաքելություն գործուղելու ուղղությամբ աշխատանքները։
Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը` նշելով, որ թեև 2022-ին չհաջողվեց համաձայնեցնել դիտորդական առաքելության հարցը, սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են։
«Հայաստանին այլ աջակցություն ցուցաբերելուց բացի, որոշման նախագծով ենթադրվում է հայ-ադրբեջանական սահման ուղարկել ՀԱՊԿ ժամանակավոր դիտորդական առաքելություն և սահմանել քանակը, մանդատը և աշխատանքի ժամկետները: Նախագիծը գտնվում է պատրաստության բարձր մակարդակում, սակայն այդ փաստաթուղթը չհաջողվեց ընդունել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերջին նիստում: Աշխատանքը դրա շուրջ շարունակվում է»,- Զայնետդինովի խոսքը փոխանցում է ռուսական РБК-ն։
Նա հավելել է, որ առայժմ վաղ է խոսել առաքելության թվաքանակի կամ ժամկետների մասին։
Նշվում է նաև, որ ՀԱՊԿ-ում ճանաչում են ՀՀ իրավունքը՝ դիմելու այն կազմակերպություններին, «որոնք, նրա կարծիքով, կարող են նպաստել երկրի ազգային անվտանգության ամրապնդմանը»։
Խոսքը ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելության տեղակայման մասին է, որը կգործուղվի ՀՀ արդեն առաջիկա շաբաթներին և որի մասին որոշում է կայացրել ԵՄ Խորհուրդը։
Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստան գործուղելու առաջարկն ուժի մեջ է մնում, և որ դա կարելի է բավականին օպերատիվ կազմակերպել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում