ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում դիտորդական նոր առաքելություն տեղակայելու ԵՄ-ի որոշմանը
Նմանատիպ
Ռուսաստանը գտնում է, որ Բրյուսելը շահագրգռված չէ Ադրկովկասում խաղաղությամբ, ցանկանում է դիտորդական առաքելության միջոցով իր դիրքերն ամրապնդել Հայաստանում և ճնշել ՌԴ միջնորդական ջանքերը:
Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օպերատիվ կերպով առաքելություն տեղակայել Հայաստանում:
«Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Մենք որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԵՄ «փորձագետների» վերահսկողությունից: Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա իրենց առաքելության աշխատանքի պայմանները կհամաձայնեցնեին Ադրբեջանի հետ», – գրված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելությունը կարող է աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել:
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը նույնպես չպետք է մոլորեցնի. այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», – հավելել են ՌԴ արտգործնախարարությունում։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսաստանցի խաղաղապահները կարձագանքեն Եվրամիության դիտորդների պահվածքին:
«Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու Եվրամիության փորձերը կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի հեռանկարում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուսաստանցի սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը», – նշված է հաղորդագրությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում