Իրանն ու Ռուսաստանը միացնում են միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության համակարգը
Նմանատիպ
Իրանը և Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ միացնելու իրենց բանկային հաղորդագրությունների համակարգերը, որոնց միջոցով կհեշտացվեն ֆինանսական և բանկային փոխանակումները:
Այս մասին հայտնում է իրանական Tehran Times-ը։
«Այսօր ստորագրվել է Իրանի և Ռուսաստանի միջև փոխկապակցման և ֆինանսական մեսենջերների մասին փոխըմբռնման հուշագիրը, որը վերաբերում է նաև 13 այլ երկրի, որոնք ներկա են ռուսական շուկայում: Դա կհեշտացնի ֆինանսական և բանկային փոխանցումները: Այսուհետ բոլոր իրանական և բոլոր ռուսական բանկերի ֆինանսական մեսենջերները կապված են միմյանց հետ», – ասել է Իրանի ԿԲ-ի ղեկավարի միջազգային հարցերով տեղակալ Մոհսեն Քարիմին Թեհրանում Իրանի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ:
«Համաձայն այս հուշագրի՝ իրանական և ռուսական բոլոր բանկերը կարող են ստանալ ստանդարտ բանկային հաղորդագրություններ», – հավելել է Քարիմին՝ ընդգծելով, որ հաղորդագրությունների համակարգը պաշտպանված է պատժամիջոցներից, քանի որ այն հիմնված է երկու երկրների ներքին ենթակառուցվածքի վրա:
Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչն իր հերթին ասել է. «Այս հուշագրի ամենամեծ առավելությունն այն է, որ ստորագրումից հետո արևմտյան պատժամիջոցները չեն կարող ազդել դրա վրա, և մեր ֆինանսական կառույցներն ավելի լայնորեն են կապվելու Իրանում գործող ֆինանսական հաստատությունների և կազմակերպությունների հետ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում