«Պատերազմ» դոլարի դեմ. ապադոլարիզացիայի 5 նախագիծ

«Պատերազմ»  դոլարի դեմ.  ապադոլարիզացիայի 5  նախագիծ

Աշխարհում մեկնարկել է ապադոլարիզացիայի հինգ խոշոր նախագիծ՝ համաշխարհային տնտեսությունում դոլարային գերիշխանությանը վերջ տալու նպատակով։

«Տասնամյակներ շարունակ դոլարն իշխում էր համաշխարհային տնտեսության մեջ, սակայն այժմ դոլարի գերիշխանությունն ավարտվում է»,- նշում է German Business Insider-ը։

Խոշոր երկրները՝ Չինաստանից և Ռուսաստանից մինչև Հնդկաստան ու Բրազիլիա, ձգտում են ավելի շատ առևտուր իրականացնել այլ արժույթներով. նպատակները տարբեր են՝ սկսած ազգային արժույթների օգտագործումից մինչև ոսկով ապահովված կայուն մետաղադրամ և BRICS-ում  նոր արժույթի ստեղծում (BRICS-ը հինգ երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի անվանումների հապավումն է):

Ապադոլարիզացիայի 5 հիմնական նախագծերն են.

  1. Ռուսաստանն ու Չինաստանն առաջարկում են ստեղծել BRICS-ի նոր արժույթ։ Դեռ անցյալ տարի այս երկրները բանակցություններ սկսեցին BRICS-ի մյուս անդամների հետ՝ միասին նոր պահուստային արժույթ ստեղծելու համար, որպեսզի վերջ դնեն դնեն դոլարի գերակայությանը։
  2. Չինաստանը ձգտում է նավթի առևտրում դոլարը փոխարինել յուանով։ Սա նպատակ ունի հրաժարվել 1970-ականներից ի վեր գործող նավթադոլարային ռեժիմից, որտեղ նավթի համաշխարհային գործարքները հիմնականում իրականացվում են ԱՄՆ դոլարով։
  3. Ռուսաստանը և Իրանը սկսել են քննարկել համատեղ ոսկե մետաղադրամի ստեղծման հնարավորությունը՝ հատուկ տնտեսական պայմաններում օգտագործելու  նպատակով։
  4. ԱՄԷ-ն և Հնդկաստանը դիտարկում են ոչ նավթային առևտրում ռուփիի օգտագործման հնարավորությունը։ Նշվածի համար հիմք կարող է լինել դեռ անցյալ տարի երկու երկրների միջև ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը, որը նպատակ ունի մինչև 2027 թվականը երկու երկրների միջև ոչ նավթային առևտուրը հասցնել 100 միլիարդ դոլարի:
  5. Բրազիլիան և Արգենտինան ցանկանում են ստեղծել և գործարկել ընդհանուր արժույթ։ Այս երկրները վերջերս հայտարարել են, որ նոր միասնական արժույթը ցանկանում են կոչել «Սուր» (հարավ)։ Այն Հարավային Ամերիկայում կարող է լինել դրամական այնպիսի միավոր, ինչպիսին եվրոն է Եվրոպայում։

BRICS-ն իսկզբանե բաղկացած էր չորս երկրից և ուներ «BRIC» հապավումը (Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանիև  Չինաստան): Հարավային Աֆրիկան «միացել» է 2010 թվականին։

«BRIC» հապավման հեղինակը Goldman Sachs-ի տնտեսագետ Ջիմ Օ’Նիլն է, ով 2001 թվականին այս հապավումով փորձել է նկարագրել արագ զարգացող տնտեսությունները, որոնք կոլեկտիվորեն գերիշխող կլինեն համաշխարհային տնտեսության վրա մինչև 2050 թվականը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում