Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն ավարտել է իր այցելությունն Արցախ

Մայիսի 25-ին ավարտվեց ֆրանսիացի սենատորների եռօրյա ճանաչողական այցն Արցախ, հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

«Այդ ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինին, Սոֆի Ժուասենը և Բերնար Ֆուրնիեն հանդիպումներ են ունեցել ԼՂՀ քաղաքական ղեկավարության, Ազգային ժողովի պատգամավորական կազմի հետ, շրջագայել երկրի պատմամշակութային տեսարժան վայրերում, ներկա գտնվել մշակութային ծրագրերի, որոնք, իրենց իսկ խոստովանությամբ, ճանաչողական առումով բավական օգտակար ու հետաքրքիր էին։

Այցի ծրագրի ավարտին ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերը մեկնեցին Շուշի և հանդիպում ունեցան Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, որից հետո ճանապարհվեցին Երևան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում