Հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հարթա՞կ է պատրաստվում
Նմանատիպ
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսով է, որ ապագայում Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների միջև համագործակցությունը կավելանա և կսերտանա։ Այս մասին նա ասել է «Մոամբի»-ին տված հարցազրույցում։
Ըստ նրա, տարածաշրջանում խաղաղության և կայունության համար ողջունելի է Վրաստանի ցանկությունը կամուրջի դեր խաղալ հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Շատ կարևոր է, որ Հարավային Կովկասի երեք երկրները միասին աշխատեն և նպաստեն խաղաղությանը, և այստեղ շատ կարևոր է Վրաստանի դերը՝ կամուրջ հանդիսանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Վարչապետի (Իրակլի Ղարիբաշվիլի – խմբ.) հետ քննարկել ենք այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերը, և հուսով եմ, որ ապագայում այս առումով ավելի մեծ համագործակցություն կլինի Եվրամիության և Վրաստանի, Եվրամիության և Հարավային Կովկասի երեք պետությունների միջև»,- ասել է Տոյվո Կլաարը՝ հավելելով, որ Թբիլիսին այն վայրն էր, որտեղ կայաել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և կարող է նորից դառնալ նման վայր՝ թե՛ առաջնորդների հանդիպումների, թե՛ տարբեր ձևաչափերի համար։
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Խորվաթիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ խոսել է այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման հնարավորության մասին։
«Մենք չէինք չեղարկել մոսկովյան հանդիպումը, հետաձգել էինք այն։ Եվ որոշակի հարմար պահի կգործարկենք հետաձգված հանդիպումը։ Դա կարող է տեղի ունենալ Մոսկվայում կամ այլ քաղաքում։ Վայրի ընտրությունն, իհարկե, կարևոր է, բայց գործընթացի վրա չափազանց էական ազդեցություն չունի», – ասել է Միրզոյանը։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտարարել է, որ Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մոտեցնել իրենց դիրքորոշումները որոշ հարցերում։ «Մեզ հաջողվեց մոտեցնել մեր դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ։ Բայց հայկական կողմն ունի իր սկզբունքային հարցերն այս հարցի շուրջ, որոնց մասին բազմիցս հայտնել ենք», – ասել է Միրզոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում