Պատժամիջոցների 1 տարի․ ինչպե՞ս է գոյատևում ռուսական տնտեսությունը

Պատժամիջոցների 1 տարի․ ինչպե՞ս է գոյատևում ռուսական տնտեսությունը

Արդեն մեկ տարի է, ինչ Ռուսաստանը գտնվում է «աննախադեպ պատժամիջոցների» տակ, որոնք կիրառվել են Արևմուտքի կողմից ուկրաինական հակամարտության բռնկումից հետո: Բայց այդ մեկ տարվա պատժամիջոցների արդյունքում ռուսական արդյունաբերությունն անկում է ապրել ընդամենը 2%-ով և չի հանգեցրել կանխատեսվող տնտեսական կոլապսի։

Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վերլուծելով պատժամիջոցների հետևանքները ռուսական տնտեսության վրա վերջին 1 տարվա կտրվածքով։

«Ռուսաստանը ելք է փնտրում ներկայիս տնտեսական ճգնաժամից, որը խոստանում էր դառնալ վերջին 20 տարիների տնտեսական ամենալուրջ հետընթացը։

Չվերամշակված ապրանքների և հանածոների արտահանման բուռն աճը մեծ եկամուտներ բերեց կառավարությանն ու ընկերություններին՝ խրախուսելով հսկայական արտադրական ներդրումները: Հենց դա էլ որոշիչ դեր խաղաց Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից մեկ տարի անց ռազմական ջանքերի ակտիվացման գործում։

Ռուսական փոքր ու մեծ ընկերությունները ծախսեր էին անում օտարերկրյա սարքավորումներն ու ծրագրային ապահովումը փոխարինելու համար կամ միջոցներն ուղղում էին մատակարարման նոր շղթաների հայթայթմանը՝ այլընտրանքային շուկաներ մուտք գործելու նպատակով: Չնայած Bloomberg Economics-ի կանխատեսումներին, որ 2022 թվականին կապիտալ ծախսերը 20% անկում են ունենալու, դրանք փաստացի աճել են 6%-ով։

Սակայն արտահանման սահմանափակումների խստացումը նվազեցնում է Կրեմլի եկամուտները, իսկ ապագայում ներդրումները գնալով ավելի վտանգավոր են դառնում: Չնայած Կենտրոնական բանկը և Էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսում են Ռուսաստանի համար կայունության շրջան կամ թեթև անկում, Bloomberg Economics-ը կանխատեսում է, որ հիմնական միջոցներում կապիտալ ներդրումները 2023 թվականին կնվազեն 5%-ով։ Սա լուրջ հետընթաց կլինի տնտեսության համար, որի անկումը կանխատեսվում է մինչև 1,5%:

Ներդրումներ հանուն գոյատևման 

Անցյալ տարի կայունությունը գոյատևման խնդիր դարձավ այն ընկերությունների համար, որոնք այժմ ստիպված են կառուցվածքային վերափոխումներ կատարել պատժամիջոցների պայմաններում: Ռուսաստանի բանկը հայտնել է, որ 2022 թվականին ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունը կա՛մ ավելացրել է ներդրումները, կա՛մ պահել է նույն մակարդակի վրա։

Սա օգնում է բացատրել, թե ինչու է արտադրությունը նվազել ընդամենը 2%-ով և չի հանգեցրել այնպիսի տնտեսական փլուզման, որը Ռուսաստանին խոստացել էին փետրվարի վերջին ուկրաինական պատերազմի մեկնարկից անմիջապես հետո:

«Ռուսաստանի ներկայիս անկումը նման չէ նախկինում եղած տնտեսական հետընթացներից և ոչ մեկին: Տիպիկ տնտեսական անկման ժամանակ մասնավոր ներդրումներն ամենաշատն են տուժում, մինչդեռ տնային տնտեսությունների սպառումն ավելի քիչ է նվազում: Բայց ոչ այս անգամ: Մենք կարծում ենք, որ անոմալիան կվերանա 2023 թվականին, քանի որ բարձր անորոշությունն ու ռիսկերը Ռուսաստանում բիզնեսին հետ է պահում ներդրումներից»,- ասում է ռուս տնտեսագետ Ալեքսանդր Իսակովը։

Քանի որ Ռուսաստանը փորձում է հաղթահարել պատժամիջոցների հետևանքով առաջացած ներդրումների պակասը, նոր մասնավոր ձեռնարկություններ են ի հայտ գալիս, որոնցից շատերը գործում են պետական ​​վարկերի և սուբսիդիաների հաշվին:
Սպասվում է, որ Ռուսաստանի արևմուտքում գտնվող Պսկովի մարզում արդյունաբերական մարտկոցների արտադրության գործարան կհայտնվի, ինչը կօգնի հրաժարվել դրանց ներմուծումից։ Չուվաշիայում ստեղծվել է քիմիական ձեռնարկություն, որն արտադրում է ջրածնի պերօքսիդ այնպիսի քանակությամբ, որը լիովին կբավարարի ներքին պահանջարկը։ Իսկ Մոսկվայի մարզում սկսել են գործել հիդրավլիկ սարքավորումների և դեղագործական արտադրության ձեռնարկություններ։

Ի՞նչ է լինելու հետո 

Այնուամենայնիվ, տնտեսական մեկուսացման ծախսերը ժամանակի ընթացքում միայն կավելանան, և հավանական է, որ Ռուսաստանը զոհաբերում է ինքնաբավությունը՝ հանուն թանկարժեք, ցածրորակ արտադրանքի:

Ընկերությունների մեծ մասն այժմ կենտրոնանում է գոյատևման, այլ ոչ թե զարգացման վրա: Ռուսաստանի Բանկի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներից միայն յուրաքանչյուր չորրորդն է պատրաստվում կապիտալ ծախսերի հետագա աճին, իսկ խոշորների մոտ՝ մեկ երրորդը։ Այնուամենայնիվ, շատերը ընտրություն են կատարում այս կոնկրետ պահին հաստատակամության օգտին»,-ամփոփում է Bloomberg-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում