ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան կայցելի հունիսի 4-ին

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հունիսի 4-ին կայցելի Հայաստան:

Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մայիսի 31-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Հ.Քլինթոնը կլինի Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում:

«Պետքարտուղարը տարածաշրջանային այց կկատարի Կովկաս հունիսի 4-7-ը: Բոլոր երեք պետություններում նա կքննարկի տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու տեռորիզմի դեմ պայքարին վերաբերող կարևոր հարցեր»,- նշել է Վ.Նուլանդը:

Աղբյուրի համաձայն՝ հունիսի 4-ին Հ.Քլինթոնը Հայաստանում կհանդիպի երկրի նախագահ Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության ղեկավարների հետ:

Հունիսի 5-ին ԱՄՆ պետքարտուղարը Վրաստանի Բաթումի քաղաքում կբացի ԱՄՆ-Վրաստան Ռազմավարական համագործակցության կոմիտեի լիագումար նիստը, իսկ հաջորդ օրը կմեկնի Ադրբեջան, ուր կհանդիպի այդ հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Շրջագայությունը Հ.Քլինթոնը կավարտի Թուրքիայում: Ստամբուլում նա վարելու է Գլոբալ հակաահաբեկչական ֆորումի նախարարների հանդիպումը: Նախատեսվում է քննարկել Սիրիային և Իրանին վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում