«Ֆրանսիայի խորհրդարանի անդամներն իրավունք ունեն այցելել ցանկացած վայր, որն անհրաժեշտ է իրենց պարտականությունները կատարելու համար»

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ` մեկնաբանելով ֆրանսիացի երեք սենատորների այցելությունն Արցախ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ֆրանսիայի խորհրդարանի անդամները ժողովրդի կողմից իրենց տրամադրված մանդատի և երկրի Սահմանադրության համապատասպան իրավունք ունեն այցելել ցանկացած վայր, որն անհրաժեշտ են համարում նշված պարտականությունները կատարելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան հրապարակած պաշտոնական փաստաթղթում նաև նշվում է, որ Ֆրանսիան չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում. «Եթե որևէ ֆրանսիացի սենատոր միջազգային հանրությանը կոչ աներ ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այդ դեպքում նա կներկայացներ միմիայն իր դիրքորոշումը»:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի սենատորներ Սոֆի Ժուասենը, Ֆիլիպ Մարինին և Բերնար Ֆուրնիեն այցելել են Արցախ, ուր մի շարք հանդիպումներ են ունեցել ղեկավար մարմինների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում