Ռուսաստանի բանակը սպառել է իր ռազմական ներուժը․ISW

Ռուսաստանի բանակը սպառել է իր ռազմական ներուժը․ISW

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ահռելի մասշտաբներով սպառել է ՌԴ-ի տեխնիկայի և կենդանի ուժի պաշարները, որոնք անհրաժեշտ են արևելքում նոր հարձակման համար: Կորցրած զրահատեխնիկան կարճ ժամկետում վերականգնելու անկարողությունն ավելի է սահմանափակում մարտական գործողությունները մանևրելու նրա հնարավորությունները։

Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանների նոր զեկույցում, որի համաձայն՝ ուկրաինացի զինվորներն արևմտյան տեխնոլոգիաների աջակցությամբ հաջող հակահարձակման ավելի մեծ հեռանկարներ ունեն:

Ռուսների արդյունավետ հարձակման անկարողությունը նախկինում հաստատել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը։ Անդրադառնալով իր երկրի հետախուզությանը, նախարարը հայտարարել էր, որ «ներկայում չկա Ռուսաստանի Դաշնության միացյալ ուժերի կենտրոնացում խոշոր հարձակման մեջ բեկում մտցնելու համար»։

Ուոլեսի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը կարող է իր բանակի մինչև 97%-ը ներգրավել Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նա նաև ասել է, որ ռուսական բանակի մարտունակությունը կրճատվել է 40%-ով։

«ISW-ն չի կարող հաստատել Ուոլեսի գնահատականները, սակայն նրա նկատառումն առ այն, որ Ռուսաստանը չունի մեքենայացված մարտական ուժ՝ Ուկրաինայի պաշտպանությունը ճեղքելու համար, համապատասխանում է մեր նախկին գնահատականներին, ըստ որոնց՝ ՌԴ ԶՈՒ-ն պետք է ենթարկվի զգալի վերափոխման, որպեսզի վերականգնի արդյունավետ մանևրային պատերազմ վարելու կարողությունը», – ասել են վերլուծաբանները։

Միաժամանակ փորձագետները համաձայնել են բրիտանացի նախարարի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի Դաշնությունը չունի լայնածավալ հարձակման համար մարտունակ ռեզերվներ, որոնք դեռ չեն օգտագործվել:

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) գնահատականների համաձայն՝ Ռուսաստանը  կորցրել է իր Տ-72Բ և Տ-72Բ3Մ տանկերի մոտ 50%-ը և բազմաթիվ Տ-80-ներ՝ ստիպելով իր զորքերին ապավինել հին մեքենաներին:

ISW-ն կարծում է, որ այժմ ռուսական ռազմարդյունաբերական համալիրը չի կարող վերադառնալ տանկերի արագ և լայնածավալ արտադրությանը և այդպիսով չի կարող ազդել ռուսական նոր հարձակման կամ ուկրաինական հակահարձակման արդյունքի վրա։ Ռուսական բանակն էլ ավելի կկորցնի իր մարտունակությունը, եթե Ուկրաինան ժամանակին ստանա արևմտյան տանկեր և զրահատեխնիկա։

«Ուկրաինան կարող է լայնածավալ հակահարձակումներ իրականացնել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Բայց դա անելու նրա կարողությունը, հավանաբար, մեծապես կախված կլինի այն արագությունից և մասշտաբից, որով Արևմուտքը նրան կտա անհրաժեշտ սարքավորումները, հատկապես տանկերն ու զրահատեխնիկան», – հայտարարել են վերլուծաբանները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում