Բ.Սահակյան. «Հայ ժողովուրդն ապացուցեց, որ կարող է պաշտպանել իր հայրենիքը և կառուցել ազատ ու անկախ պետություն»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, օր, որն իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը եւ հիմք դրեց այսօրվա անկախ պետականության համար:

Եվ չնայած երկար չգոյատեւեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, այնուամենայնիվ մեծ է նրա թողած դասը հետագա սերունդների համար: Արցախյան ազատամարտը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական շարունակությունն էր, որը համախմբեց համայն հայությանը եւ արձանագրեց փառավոր հաղթանակ: Միասնական ոգու եւ հավաքական կամքի, արդարության եւ սեփական ուժերի հանդեպ հավատի հաղթանակ: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ կարող է պաշտպանել իր հայրենիքը եւ կառուցել ազատ ու անկախ պետություն: Ազատությունը, անկախությունն ու ժողովրդավարությունն այսօր էլ թանկ արժեքներ են մեզ համար եւ հանդիսանում են հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման անբաժանելի մասը:

Այս թանկ ու հիշարժան տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նորանոր հաղթանակներ` ի փառս հայ ժողովրդի, նրա պայծառ ու լուսավոր ապագայի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում