Ահազանգ. «Շարունակվում է վանդալիզմը գլխավոր պողոտայի վրա գտնվող ծածկած շուկայի նկատմամբ»

Երեկ ուշ երեկոյան «Փրկենք Փակ Շուկան» քաղաքացիական նախաձեռնությունը կրկին ահազանգել է այն մասին, որ քանդվում է Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող Փակ շուկայի տանիքը:

«Շարունակվում է վանդալիզմը գլխավոր պողոտայի վրա գտնվող ծածկած շուկայի նկատմամբ: Չնայած պաշտոնյաների կեղծ հավաստիացումներին, թե շուկայի տարածքում շինարարական աշխատանքները դադարեցված են, երեկ երեկոյան հերթական անդառնալի վնասն է հասցվել ճարտարապետական այդ կոթողին, ինչը արձանագրել են տեսախցիկները», -նշված է հայտարարության մեջ:

Նախաձեռնության անդամները տեղեկացրել են, որ այսօր առավոտվանից պատրաստվում են հավաքվեր շուկայի դիմաց: Քաղաքացիական հավաքին հրավիրում էին նաև բոլոր այն քաղաքացիներին, որոնք անտարբեր չեն վտանգված ճարտարապետական հուշարձանի ապագայի նկատմամբ: «Հավաքվենք և քննարկենք մեր անելիքները ծածկած շուկան վանդալիզմից փրկելու նպատակով»,- ասված է հայտարարությունում:

Այսօր առավոտվանից մոտ 30 երիտասարդ հավաքվել են փակ շուկայի մոտ, և նրանց հաջողվել է դադարեցնել շինարարական մեքենաների աշխատանքը: Ինչպես վկաներից մեկը փոխանցել է Times.am-ին, իրավիճակը դեռևս հանգիստ է: Ակտիվիստները պատրաստվում են պայքարեմ շուկայի համար նաև մյուս օրերին:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնել է շուկան և պատրաստվում է այնտեղ կառուցել հերթական «Երևան City» սուպերմարկետը:

Լուսանկարը՝ «Մեդիամաքս» գործակալությունից

Հետևեք մեզ նաև Telegram-ում