Սումգայիթի ջարդերից 35 տարի անց

Սումգայիթի ջարդերից 35 տարի անց

1988թ․ փետրվարի 27։ 35 տարի առաջ հենց այս օրը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ բանվորական քաղաքում սկսվեցին տեղացի հայերի ջարդերը․ զարհուրելի կոտորածը տևեց երեք օր՝ 1988-ի փետրվարի 27-29-ը:

Սումգայիթում սպանված Մելքումյանների 5 հոգանոց ընտանիքի շիրիմները․ արխիվային լուսանկար

Փետրվարի 26-ին Սումգայիթում տեղի էր ունեցել Ադրբեջանի Կոմկուսի քաղաքային կոմիտեի կողմից կազմակերպված հանրահավաք, որը վարում էր քաղկոմի երկրորդ քարտուղար Մելեք Բայրամովան։ Հակահայկական կարգախոսների ներքո ընթացած հանրահավաքը շարունակվեց նաև հաջորդ օրը: Ելույթ ունեցողները, որոնց թվում կային քաղաքում հայտնի մարդիկ, կոչ էին անում պատժել հայերին և պահանջում խիստ միջոցներ ձեռնարկել. «սպանել ու վտարել նրանց Սումգայիթից, և, առհասարակ, Ադրբեջանից»: Գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո հնչում էր «Մա՛հ հայերին» կոչը:

Սումգայիթի հայ ջարդարարները

Փետրվարի 27-ի երեկոյան հրապարակային ելույթները վերաճեցին բռնի գործողությունների: Հետաքննությամբ հաստատված փաստերի համաձայն՝ հարյուրավոր սումգայիթցի ադրբեջանցիներ, բռնության կոչերից բորբոքված և անվճար բաժանվող թմրանյութերով և ալկոհոլային խմիչքներով «տաքացած», անարգել կերպով սկսեցին Սումգայիթում ապրող հայերի բնակարանների ավերումը, նրանց նկատմամբ զանգվածային ծեծուջարդը, սպանություններն ու բռնաբարությունները: Քաղաքի և հանրապետության պետական, կուսակցական և իրավապահ մարմինները չարձագանքեցին քաղաքում տեղի ունեցած աննախադեպ անկարգություններին և հրապարակային բռնություններին:

Բազմաթիվ վկայություններ կան իրավապահ մարմինների կողմից ջարդարարներին հրահրելու և օժանդակելու վերաբերյալ: Սումգայիթի հայերից շատերը վկայում են նաև իրենց բնակարաններում հեռախոսների անջատման, ջարդարարների մոտ բնակշահագործման գրասենյակի կողմից կազմված հայերի բնակարանների ցուցակների առկայության, քաղաքային կառույցների, իրավապահ մարմինների և բժշկական հաստատությունների կողմից աջակցություն ցուցաբերելուց հրաժարվելու մասին (այդ փաստերը տեղ են գտել քննչական և դատական նյութերում)։ «Սումգայիթի կոմունիստ» տեղական թերթը հետագայում գրել է, որ Սումգայիթի գործարաններում ջարդարարների համար նախօրոք զենք է պատրաստվել։

Ադրբեջանական ջարդարարների ամբոխը շարժվում է դեպի հայկական թաղամաս

Բաժանվելով մի քանի տասնյակ հոգուց բաղկացած խմբերի՝ ջարդարարները ներխուժում էին նախապես նշանառված հայկական բնակարանները: Մարդկանց սպանում էին իրենց իսկ տներում, թեպետ ավելի հաճախ դուրս էին հանում փողոց կամ բակ՝ հրապարակային ծաղրուծանակի ենթարկելու համար:

Միայն փետրվարի 28-ի երեկոյան՝ հակահայկական հիստերիայի, ջարդերի և սպանությունների սկզբից գրեթե երկու օր անց, բանակային ստորաբաժանումներ մտցվեցին Սումգայիթ, սակայն նրանք քաղաքը հսկողության տակ առան ոչ միանգամից, քանի որ բռնարարների հանդեպ ուժ և զենք գործադրելու հրաման չէին ստացել: Հայերի սպանություններն ու ջարդերը շարունակվում էին: Զորքերի անգործությունն ու ջարդարարների նկատմամբ ամենաթողությունը հանգեցրին նրան, որ ամբոխը սկսեց հարձակվել զինծառայողների վրա, ինչի արդյունքում տուժեց 270 զինվորական: Միայն փետրվարի 29-ի երեկոյան բանակային ստորաբաժանումները դիմեցին վճռական գործողություների, և հայերի ջարդերը դադարեցին։

Խոշտանգված հայերի մարմինները Սումգայիթում

Ըստ խորհրդային պաշտոնական տվյալների՝ ջարդերի ընթացքում սպանվեց 26 ազգությամբ հայ քաղաքացի, հարյուրավոր մարդիկ վիրավոր և հաշմանդամ դարձան, շատերն անհայտ կորան։ Ավերվեցին հայերին պատկանող հարյուրավոր բնակարաններ։ Սակայն ողբերգության իրական չափերն առ այսօր անհայտ են։

Գոյություն ունեն բազմաթիվ տվյալներ, որոնք ապացուցում են, որ զոհերի թիվը զգալիորեն ավելի մեծ էր: Այսպես, սումգայիթցի հայերից շատերը, ովքեր իրենց հարազատների մարմիններն էին փնտրում Ադրբեջանի դիահերձարաններում, պնդում են, որ մահացածների երկու ցուցակ են տեսել՝ պաշտոնական և ոչ պաշտոնական. ընդ որում, ոչ պաշտոնականը զգալիորեն ավելի երկար էր։ Հետաքրքիր է, որ կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Հեյդար Ալիև։ Իշխանության բեռը» ֆիլմում, որը նկարահանվել էր Ադրբեջանի պատվերով, վկայում է. «Միայն մեկ գիշերվա ընթացքում արդյունաբերական կենտրոն Սումգայիթում ավելի քան 100 հայ է սպանվել»։

Ջարդերի արդյունքում 18.000 հայ փախստական  դարձավ, մի քանի հարյուր բնակարան ավերվեց ու թալանվեց, կողոպտվեցին տասնյակ կրպակներ, խանութներ, արհեստանոցներ և հասարակական նշանակության օբյեկտներ, հրկիզվեցին կամ ջարդվեցին մի քանի տասնյակ ավտոմեքենաներ։

Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրախորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում