Չինաստանը Հայաստանին կտրամադրի 100 մլն․ յուան անհատույց օգնություն

Չինաստանը Հայաստանին կտրամադրի 100 մլն․ յուան անհատույց օգնություն

ՀՀ ազգային ժողովը քննարկել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև` տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն  ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

«Այս համաձայնագրով Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրվում է 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար հեռարձակման դահլիճի նախագծի, այդ թվում` փոխհամաձայնեցված այլ նախագծերի քննարկման և իրականացման համար»,-ասել է Սաֆարյանը:

Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրվել են 5 տասնյակից ավելի համաձայնագրեր, արձանագրություններ, հուշագրեր: Ակտիվ համագործակցություն է ընթանում նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրում առկա են ՀՀ-ի համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթ, մասնավորապես համաձայնագիրը կարող է հանգեցնել պետբյուջեի ծախսերի ավելացման՝ պարտադիր ծախսերի մասով և եկամուտների նվազեցման՝ հարկային և մաքսային արտոնությունների մասով: ԱԳՆ-ն նպատակահարմար է համարում ստորագրված համաձայնագրի վավերացումն ԱԺ-ի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում