Իսպանիայի խորհրդարանը հնարավոր է առաջիկայում քննի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Իսպանիայի խորհրդարանին կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով նշեց Բարսելոնայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Սիրույանին:

«Այս խնդրի առնչությամբ չպետք է շտապողականություն ցուցաբերել: Միգուցե առաջարկը ներկայացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում, քանի որ մենք ցանկանում ենք, որ հասարակությունը և պառլամենտականներն ավելի շատ տեղեկատվություն ունենան այս հարցի շուրջ»,- նշեց Սիրունյանը:

Նրա խոսքով` առաջարկն, ամենայն հավանականությամբ, կներկայացնի կենտրոնամետ «Միություն, առաջադիմություն և ժողովրդավարություն» (UPyD) կուսակցությունը, որը նաև պատրաստվում է բարձրացնել Իսպանիայի հայությանը հուզող խնդիրները:

Ինչ վերաբերում է մայիսի 24-ին Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկի մերժմանը, Սիրույանը նշեց, որ դա, ըստ էության հակաքարոզչության դրսևորում է: «Առաջարկությունը ներկայացրել են բասկերը և նրանց առաջարկությունները մեզ համար ընդհանրապես ձեռնտու չեն, նրանք փոքրամասնություն են և օգտագործում են հայության խնդիրներն իրենց օգտին: Նրանք չեն դիմել ո’չ հանձնախմբին, ո’չ տեղի հայությանը: Նրանց նպատակն անկախանալն է Իսպանիայից, ուստի այդ նպատակով հայերին ցույց են տալիս որպես օրինակ, զուգահեռներ են անցկացնում հայության խնդիրների հետ»,- ասաց Հայ դատի հանձնախմբի ղեկավարը:

Սիրույանի խոսքով` ակնհայտ է, որ բասկերի կողմից Իսպանիայի խորհրդարանին ներկայացված ցանկացած առաջարկ առաջին իսկ րոպեին կձախողվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում