Նա «Մանթաշովի թոռը» չէր. նա անձամբ Մանթաշովն էր՝ «նավթի արքան»

Նա «Մանթաշովի թոռը» չէր. նա անձամբ Մանթաշովն էր՝ «նավթի արքան»

«Նավթի արքա». այսպես էին անվանում նրան: 20-րդ դարասկզբի  ամենահարուստ մարդը բառի բուն իմաստով նստած էր նավթի տակառի վրա: Նրա հիմնած ընկերությունն էր արդյունահանում Բաքվի նավթի կեսից ավելին: Այդ տարիներին նրա ազգանունն էր թնդում տարածաշրջանում` Բաթում, Թիֆլիս, Բաքու, Թեհրան… բայց տարածաշրջանն այսպիսի մարդկանց համար շատ փոքր է: Դրա մասին՝ հետո:

Վստահ եմ՝ նախաբանը հուշեց, որ խոսքը՝ Ալեքսանդր Մանթաշյանցի (Մանթաշյան, Մանթաշով) մասին է:

Մանթաշյանցը ծնվել է 1842-ի հենց այս օրը՝ մարտի 3-ին: Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Որքան էլ առևտրականությունը ժամանակի ամենահաջող ու եկամտաբեր գործունեության ոլորտներից էր, միևնույնն է, հայրը՝ Հովհաննեսը, մեծահարուստ չէր: Բայց քանի որ Թիֆլիսում հայերը աչքի էին ընկնում իրենց կրթությամբ, աշխատասիրությամբ ու ճկուն բիզնես մտածելակերպով, տեղի հայերը իսկապես համայնքի կորիզն էին: Դա է վկայում պատանի Ալեքսանդրի հիմնական կրթությունը. նա սովորել է Թիֆլիսի՝ Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում:

26 տարեկանում երիտասարդ Մանթաշյանցի ճակատագիրը փոխվում է: Այն, որ նա պետք է զբաղվեր առևտրով, կանխատեսելի էր, բայց դժվար էր պատկերացնել, որ շուտով նա դառնալու է տարածաշրջանի ամենահարուստ մարդը:

«Այս մարդը երջանիկ աստղի տակ է ծնվել»- Բաքվի նավթարդյունաբերողներ

Շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես հայր Մանթաշյանցին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Եվրոպա և Պարսկաստան՝ Գերմանիայի և Պարսկաստանի հայ վաճառականների հետ առևտրական հարաբերություններ հաստատելու։ Շուտով հենց այդ նպատակով հայր և որդի Մանթաշյանցները շրջագայում են Եվրոպայում:

Ալեքսանդրը հասարակ մարդ չէր, բացի գործարար տաղանդ ունենալը, նա նաև վարժ տիրապետում էր հայերենին, ռուսերենին, վրացերենին, անգլերենին։

Շուտով Թեհրանում հիմնած առևտրական բիզնեսը հայրը տեղափոխում է Թիֆլիս: Նրա ենթադրությամբ՝ այդպես ավելի հարմար էր ու շահավետ: Սակայն շուտով մահանում է:

Ալեքսանդր Մանթաշյանցը հորից ժառանգություն է ստանում 200 հազար ռուբլի

Բաքու, 1905թ

Թվում է՝ սա շատ է, բայց շատ փողի հոտ Մանթաշյանցը զգում էր Բաքվից:

Բաքուն հայերի ազդեցության գոտում էր: Նավթային բիզնեսը գրեթե ամբողջությամբ մերոնց ձեռքում էր՝ «Միրզոև և եղբայրներ», «Ղուկասով եղբայրներ», «Փիլիպոսյանց եղբայրներ», «Սյունիք», «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ» և այլն: Հեղինակավոր հայ նավթարդյունահանողների կողքին շուտով հայտնում է «Մանթաշև և ընկերներ»-ը, որը կարճ ժամանակում դառնում է Բաքվի նավթի պաշարի կեսից ավելին տնօրինող ընկերությունը: Ի դեպ, Մանթաշյանցը Բաքուն չէր սիրում, բայց սիրում էր Բաքվի նավթը:

Այստեղ հարկ է նշել, որ Բաքվի նավթաարդյունաբերության հիմքը մեր հայրենակից Հովհաննես Միրզոյանն է դրել: Միրզոյան/Միրզոև ընտանիքին մեկ այլ առիթով կանդրադառնանք: Հիմա վերադառնանք Մանթաշյանցի նավթի տակառին:

Ալ․Մանթաշյանի 175 ամյակին նվիրված անվանական նամականիշը

«Մանթաշյանցը գնում էր նավթատեղի, ձեռնափայտը դնում էր որևէ տեղի վրա, ասում՝ այստեղ փորեցեք: Հողային ու նավթային ստորերկրյա շերտերի առնչությամբ նա որևէ երկրաբանական գիտելիք չուներ, պարզապես առաջնորդվում էր բնազդով: Նրա մատնանշած տեղում հորը փորում էին, և նավթն առատորեն ժայթքում էր» – Սարուխան

«Նավթի արքային» պատկանող սև ոսկու առևտրատներն ու դրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում:

Այդ շրջանում նրա ունեցվածքը կանխիկ դրամով կազմում էր մոտ 30 միլիոն ռուբլի

Եթե ձեր եկամուտը բավարար է թվում, և դուք ձեզ այնպես եք պահում, կարծես «Մանթաշովի թոռը» լինեք, նախ հաշվեք ձեր գրպանի կամ հաշվեհամարի պարունակությունը, կարող եք հաշվել նաև ձեր պապերի ունեցվածքը, եթե արդյուքից գոհ չեք, ուրեմն «Մանթաշովի թոռը» չեք, գնացեք աշխատելու: Բարի աշխատանքային օր 🙂

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում