Մանկապարտեզից գողացածս աթոռը, հայրենասիրության դասն ու Վազգենը

Մանկապարտեզից գողացածս աթոռը, հայրենասիրության դասն ու Վազգենը

Հայրս ծնունդով Արարատից է: Չէի ուզի թուրքական անունը նշել, բայց…Դավալու ավելի հայտնի է: Ես այն ծայրամաս էի համարում՝ «աշխարհի ծայրի գյուղ»:

Տեսեք, թե ինչ բառ է գործածության մեջ մտել. ծայրամասային գյուղծայրամասային գյուղ կարող է Ռուսաստանն ունենալսրտի չափ երկիր ենք, սրտի ծայրամասը ո՞րն է. որտեղից էլ վնասվի՝ մահացու է:

Երբ փոքր էի, չէի սիրում Արարատը, տեղի էրեխեքին՝ վառված երեսներով, ճաքած ձեռքերով, քիթը քաշող կամ հագուստի թևքով սրբող: Բայց ժամանակներն էին էդպիսին: Գյուղում մեծացող երջանիկ էրեխեք էին: Նրանք շատ լավ հոլ էին խաղում, գործնագործ, իսկ ինձ չէին խաղացնում. դանդալոշ էի: «Անունգոռոցի» խաղալիս իմ անունը չէին գոռում, բայց ծառերից գողություն անելիս ես բանդայի պարագլուխն էի: Բայց գիլասն ու ցողոլը կյանքիս միակ գողոնը չէր:

Մի օր ինձ տարան մանկապարտեզ: Նույն օրը ստուգեցին բոլորիս գլուխները․ ոջիլ ունեցող երեխա կար: Նրան առանձին նստեցրին ու մեզ ասացին՝ չշփվենք հետը: Այդ օրը՝ որպես «իրավապաշտպան», իմ «դեբյուտն» էր: Շատ արտիստիկ ու էմոցիոնալ «բարոյախրատական ճառ ձոնեցի» դաստիարակներին, թե՝ հակամանկավարժական է այդպես վարվելը, դուք այսպես վատ քաղաքացի եք դաստիարակում:

Պապան միջադեպի մասին պատմել էր Վազգեն Սարգսյանին: Մեր ծանոթության օրը ես խաբեցի տարիքս, որովհետև ամաչում էի փոքր լինելուց: Վազգենն ասաց՝ ամոթը ժամանակից շուտ մեծանալն է, իսկ մեծանալ դեռ կհասցնեմ: Ասացի, որ հենց մեծանամ բոլոր մանկապարտեզները փակելու եմ: Այդ ժամանակ շատ մեծ կարծիք ունեի մեծերի կարողությունների ու իրավունքների մասին: Վազգենն էլի շարունակեց խրատել, թե մեր հայրենիքում եթե քինախնդրությունը չլինի, սովորենք ներել ու հասկանալ իրար, այլ՝ երջանիկ իրականություն կունենանք:

Բայց ինձ վրա կյանքի այդպիսի դասերը երբեք չեն ազդել, նույնիսկ երբ դա ասում էր Վազգենը, ում մասին միշտ բացառիկ պատկառանք ու հարգանք նշանակող կարծիքներ ու պատմություններ էի լսում:

Շուտով մանկապարտեզը փակեցին: Գույքը հանեցին բակ: Որպես բարոյական վնասի փոխհատուցում՝  «Կարմիր գլխարկ» աթոռը գողացա: Էլի սկսվեցին բարոյախրատական ճառերը, որոնք ավելի ազդեցիկ լինելու համար վերջում հնչում էին Վազգենի շուրթերից:

Ասում էր՝ մանկապարտեզից գողացածը հայրենիքից գողացածն է:

Ըստ հորս՝ ես պետք է Վազգեն ծնվեի, բայց ծնվեցի աղջիկ: Վազգենը հորս մխիթարել էր, թե՝ ոչինչ, աղջիկդ Վազգեն կունենա: Բայց չգիտեմ…ամեն կին հո Գրետա մայրիկ չի, որ Վազգեն դաստիարակի:

Մանկությունիցս շատ բան հետս չեմ բերել: Դե, պատերազմ էր, իսկ ես ընդամենը երազում էի հասակակիցներիս պես հորս մեջքին նստել ու ձի քշել: Մի անգամ երբ հանդիսավոր հայտարարեցի, թե զզվում եմ պատերազմից, էդ Ղարաբաղը չեմ սիրում, բանակը չեմ սիրում,  որովհետև մանկությունս փչացրել են, Վազգենն ասաց՝ կմեծանաս, կհասկանաս:

Հիմա հասկացել եմ, բայց հասկացածս Վազգենին պատմել չեմ կարող: 1999-ից հետո Արարատ, մեծ հաշվով, չեմ էլ գնացել: Մանկապարտեզից գողացածս չնչին բան էր, հայրենիքը դրանից չտուժեց, բայց հոկտեմբերի 27-ին Սպարապետի սպանությամբ մեր հայրենիքը տուժեց ու շարունակում է տուժել. գողացվածը սովորական աթոռ չէր, սերունդների ու մի ամբողջ երկրի լուսավոր ու հզոր ապագա էր, որի «սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով»…

Արարատում Վազգեն Սարգսյանը յուրաքանչյուրի հպարտությունն է ու մրմռացող վերքը. Վազգենը՝ բանակի ու հայրենիքի տղեն, որ դեռ շատ անելիքներ ուներ ու անմնացորդ հավատում էր հային: Մի օր գուցե «համարշախարհային ազգ» դառնանաք, երբ հասկանանք , որ «թշնամուն ուժեղացնողը մեր վախն է, մեր ցավն է, մեր հիմարությունն է»:

Մի բան է միայն անհրաժեշտ. սնապարծության ու արկածախնդրության փոխարեն` լրջամտություն և պատասխանատվություն, որպեսզի դուրսպրծուկները կուրծք ծեծելու ասպարեզ չունենան։ Որպեսզի ինքնապաշտպանության գործը չվերածվի ինքնասպանության։ Էս գործը պետական մոտեցում է պահանջում և ենթադրում է պետականություն

Պահը չկորցնենք, հապաղելը հանցագործություն է, տղերք։

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում