Telegram-ում նոր հնարավորություններ են ավելացել
Նմանատիպ
Telegram մեսենջերը թարմացում է ստացել, որն օգտատերերին առաջարկում է մի շարք նոր հնարավորություններ, այդ թվում՝ էներգախնայողության ռեժիմ և մեդիաֆայլերի նվագարկման արագության ավելի ճկուն կարգավորումներ:
Էներգախնայողության ռեժիմ
Այժմ օգտատերերը հնարավորություն ունեն հավելվածը բերել էներգախնայողության ռեժիմի՝ կարգավորումներում անջատելով անիմացիաներն ու տեսողական էֆեկտները։ Սա կօգնի խնայել հեռախոսի մարտկոցի էներգիան և բարելավել կատարողականությունը հատկապես թույլ սմարթֆոնների դեպքում:
Հնարավոր է նաև էներգախնայողության ռեժիմը սահմանել այնպես, որ այն ինքնաբերաբար միանա, երբ մարտկոցի լիցքն իջնի օգտատիրոջ նշած մակարդակից։
Էներգախնայողության ռեժիմը կարող եք գտնել այցելելով մենյուի Կարգավորումներ (Settings/ Настройки) բաժինը, այնուհետև ընտրել Էներգախնայողություն (Energy Saving/ Энергосбережение) հրահանգը։
Նվագարկման արագության կարգավորում
Telegram-ում ցանկացած մեդիա բովանդակության նվագարկումն արագացնելու կամ դանդաղեցնելու հնարավորությունը հայտնվել է մի քանի տարի առաջ, սակայն վերջին թարմացումով ձայնային հաղորդագրությունները, տեսանյութերը և այլ ձայնագրությունները կարող են նվագարկվել 0,2x-ից մինչև 2,5x արագությամբ:
Թարմացումներ խմբային չատերում
Խմբային չատերում այժմ արդեն հնարավոր է տեսնել, թե երբ է յուրաքանչյուր մասնակից կարդացել հաղորդագրությունը:
Բացի դրանից, օգտատերերն այժմ հնարավորություն ունեն ընտրելու, թե ով կարող է մարդկանց ավելացնել խմբերում: Դա կարելի է անել` այցելելով Կարգավորումներ (Settings/ Настройки) > Գաղտնիություն (Privacy/ Конфиденциальность) > Խմբեր և ալիքներ (Groups and channels/ Группы и каналы):
Սթիքերների տեսակավորում
Ամենաշատ օգտագործված սթիքերների փաթեթներն այժմ ավտոմատ կերպով տեղափոխվում է վերև, որպեսզի օգտատերը դրանք ավելի հեշտ գտնի: Այնուամենայնիվ, օգտատերը հիմա արդեն կարող է նաև անջատել այս ֆունկցիան։ Դրա համար հարկավոր է սեղմել սթիքերների պանելի վեցանկյուն պատկերակը և բացվող ընտրացանկում անջատել «Սկզբում վերջերս օգտագործվածները» ֆունկցիան։
Բոտերի ամբողջական տեղայնացում
Այս թարմացման շրջանակում ծրագրավորողները հնարավորություն ունեն ամբողջությամբ տեղայնացնելու իրենց բոտերը. այժմ հնարավոր է նկարագրությունը և «Ի՞նչ կարող է անել այս բոտը» բաժինը թարգմանել տարբեր լեզուներով:
Թղթապանակների բարելավված աջակցություն iOS հավելվածում
iOS-ով աշխատող սմարթֆոններում այժմ կարելի է մեկ հպումով թղթապանակի բոլոր չատերը նշել որպես ընթերցված: Կարելի է նաև հաղորդագրությունները վերահասցեավորելիս օգտագործել թղթապանակներ՝ ցանկալի չատն արագ գտնելու համար։ Հաջորդ թարմացումներից մեկի շրջանակում այս գործառույթները հասանելի կլինեն նաև Android հավելվածում։
Android-ով աշխատող սմարթֆոնների համար թարմացումն արդեն հասանելի է ինչպես Google Play-ում, այնպես էլ Telegram-ի կայքում։ iOS սարքերը այն կստանան Apple հավելվածների խանութի մոդերատորների կողմից հաստատվելուց հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում