Բ.Սահակյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին հիմնադրամի գործունեության 20-ամյակի կապակցությամբ` նշելով, որ կառույցն անգնահատելի ավանդ ունի հայկական երկու անկախ պետությունների կայացման ու զարգացման, ինչպես նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնման ու խորացման գործում, եւ հավելել, որ  անհնարին է պատկերացնել մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումն առանց հիմնադրամի աջակցության:

Երկրի ղեկավարն առաջարկել է 2012 թվականի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի մեջ ընդգրկել Արցախում գյուղական համայնքային կենտրոնների կառուցման ծրագիրը: Նախագահ Սահակյանը գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը որակել է Արցախի զորացման առանցքային բաղադրամասերից մեկը` ընդգծելով, որ նման կենտրոնների կառուցումը մեծապես կնպաստի գյուղական բնակավայրերում կյանքի աշխուժացմանը: Առաջարկն ընդունվել է եւ մտցվել  2012թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում