Ներսից ճնշո՞ւմ են Ծառուկյանին

ԲՀԿ-ին աջակցող լրատվմաիջոցների՝ «լավատեղյակ աղբյուրների» վրա հիմնված նյութը նման տպավորություն է ստեղծում:



Իշխանական կոալիցիայից հրաժարվելու մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումը շարունակում է հանդիսանալ մեր երկրի ներքաղաքական զարգացումների հիմնական թեմաներից մեկը:Չնայած՝ իր տարածած հայտարարության մեջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հստակ նշել էր այդ որոշման հիմնական պատճառը՝ այն է, որ «ընտրությունների արդյունքներով ԲՀԿ-ն չունի կառավարություն ձևավորելու և իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարավորություն», այնումանայնիվ քաղաքական և  մերձքաղաքական շրջանակները շարունակում են տարաբնույթ սցենարների և տարբերակների՝ հաճախ հանրային քննարկումները: Ընդ որում, ինչպես դա լինում է ամբողջական տեղեկատվության բացակայության դեպքերում, առաջարկվող տեսությունները հաճախ այնքան անիրական և մտացածին են, որ ավելի հեշտ է մութ սենյակում կատու գտնել (նույնիսկ եթե այնտեղ կատու չկա), քան հավատալ առաջարկվող սցենարներին:

Այսպես, էլեկտրոնայինմի շարք լրատվամիջոցներ այսօր հրապարակելեն մի նյութ, որտեղ, իբր թե ներկայացված է այն փաթեթը, որը դարձել է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցության դադարեցման պատճառ: Դատելով հրապարակման մեջ տեղ գտած կետերի բովանդակությունից՝ կարելի է հանգիստ պնդել, որ կայքի հեղինակների նպատակը ոչ թե հանրությանը իրազեկելն է, այլ՝ քաղաքական գործիչներից մեկին՝ այս պարագայում Գագիկ Ծառուկյանին, «մեսիջներ» հղելը: Օրինակ, առաջարկվող «փաթեթի» յոթերորդ կետում նշված է, թե «ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնում իր քվոտայով կառավարություն գործուղել ոչ կուսակցական, բայց մեծ հեղինակություն ունեցող մասնագետների: Նույնն ակնկալում է ՀՀԿ-ից»: Շատ տարօրինակ ձևակերպում, մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Կառավարություն ձևավորելու այս մոդելի կողմնակիցը հենց ինքը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն է: Վերջինս բազմիցս հայտարարել և դեռևս գործող կառավարության օրինակով էլ ապացուցել է, որ երկրի կարևորագույն պաշտոնների նշանակումը պայմանավորված է ոչ այնքան կուսակցական պատկանելությամբ, որքան մասնագիտական հմտություններով: Իսկ ահա նույն ԲՀԿ-ի կողմից կառավարություն գործուղած գործիչներից թերևս միայն Հարություն Քուշքյանն է, որ իրեն վստահված ոլորտի հետ մասնագիտական առնչություն ունի:

Վրոնշյալ օրինակը կարելի է ներկայացված «փաթեթի» ամենափոքր թերությունների շարքում դասել: Բանը նրանում է, որ առաջարկված ութ կետերի առնվազն կեսը ոչ միայն անիմաստ կամ անտրամաբանականեն, այլև հակասում են միմյանց: Ավելին՝ «փաստաթուղթն» ունի ընդգծված պրովոկացիոն բնույթ, որի անգամ բոլոր կետերի համաձայնության պարագայում Հայաստանի ներքաղաքական դաշտում հարցերն ավելի շատ կլինեին, քան պատասխանները:

Իհարկե,հիշատակված այս հրապարակումը կարելի կլիներ ընդհանրապես անուշադրության մատնել,եթե չլիներ հետաքրքիր մի հանգամանք.նյութը հրապարակել են հիմնականում ԲՀԿին աջակցող լրատվամիջոցները:Ընդ որում, հրապարակման մեջ ԲՀԿ-ին ուղղված ակնհայտ զգուշացում և նույնիսկ սպառնալիք կա: Հոդվածի հեղինակները համոզմունք են հայտնում, որ եթե Ծառուկյանն «էն գլխից» հրապարակային տեսք տար այս առաջարկներին, ապա որևէ մեկը չէր կարող շահարկել ԲՀԿ-ի՝ Կոալիցիայից հրաժարվելու որոշումը։ «Մի խոսքով՝ ԲՀԿ–ն պետք է այս ամենից դասեր քաղի և համապատասխան հետևություններ անի», – նշված է հիշատակյալ «բացահայտման» մեջ։

Սա ի՞նչ է, եթե ոչ Ծառուկյանին ուղղորդելու կամ գործելաոճ թելադրելու ձգտում: Ի վերջո, եթե իսկապես գոյություն ուներ որևէ «փաթեթ», այն էլ դրա հրապարակելու անհրաժեշտություն, վստահ կարող ենք ասել, որ ԲՀԿ առաջնորդը դա կարող էր անել առանց կողմնակի խորհրդատուների «օգնության»: Այնինչ, դատելով մամուլում տեղ գտած հրապարակման տրամաբանությունից, կարելի է եզրակացնել, իբր «փաթեթը» տվել են Ծառուկյանին և ուղարկել Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների, որոնց «ձախողումից» հետո իբր թե հրապարակել են իրենց «քաղաքական պլանը» իսկ ԲՀԿ-ին էլ զգուշացնում են «դասեր քաղի և համապատսխան հետևություններ անի»:

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան

P.S.Ի դեպ, հրապարակված «փաթեթի» ճակատագիրը կանխորոշելու համար բավարար էր միայն այնտեղ ներառված 4-րդ կետը, որտեղ ասվում է, թեՍ. Սարգսյանի՝ որպես միասնական նախագահի թեկնածուի նախապայմանը հանվում էՀՀԿ-ԲՀԿ ենթադրյալ կոալիցիայից: «Փաթեթը» արհեստականորեն ուռճացնելու հեղինակների ձգտումն ու ջանքերը միանգամայն անհասկանալի են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում